20:03 30/07/2010 » Հասարակություն

Փոխվարչապետը վստահեցրել է. Սահմանամերձ համայնքների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Տավուշի մարզ: Մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ ծանոթացել է Հովք համայնքի տարածքում գարնանը սողանքային երևույթների ակտիվացման պատճառով Մ4 միջպետական ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցման, ինչպես նաև 6,3 կմ շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ շինաշխատանքների հիմնական մասը կատարված է, և փոխվարչապետին տեղեկացվել է, որ դրանք ավարտին կհասցվեն մինչև սեպտեմբեր: Շրջանցիկ ճանապարհը կառուցվում է նոր` խճապատման տեխնոլոգիայով, և հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում կապահովի Երևան- Իջևան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի անխափան հաղորդակցությունը:

Կոթի համայնքում փոխվարչապետին ներկայացվեց ոռոգման ջրագծի կառուցման ընթացքը, որն իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրարերի շրջանակում: Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին և հնարավորություն կտա ոռոգելի դարձնել ոչ միայն Կոթիի, այլև հարակից համայնքների շուրջ 1100 հա հողատարածք: Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ոռոգելի հողակտորներն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Աշխատանքային այցի շրջանակում փոխվարչապետը եղավ նաև սահմանամերձ Բարեկամավանում: Գյուղապետարանում քննարկվեցին համայնքի առաջնային խնդիրների լուծման հնարավորությունները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն արդեն իսկ քննարկում է նոր համայնքապետարանի, խմելու ջրի ներքին ցանցի և ոռոգման համակարգի կառուցման հարցերը:

Նշվել է, որ վերակառուցման կարիք ունի նաև գյուղի դպրոցը: Ա. Գևորգյանը հիմնադրամի փոխտնօրենին առաջարկել է ամփոփել ծրագրերի իրականացման հետ կապված գործընթացը և մինչև սեպտեմբերի առաջին կեսը հստակեցնել կոնկրետ նախագծերի ֆինանսավորման աղբյուրները:

Բարձրացված մի շարք այլ հարցերի փոխվարչապետը խոստացել է անդրադառնալ Երևան վերադառնալուն պես: Նա նաև լսել է համայնքի բնակչության մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին զբաղվածության խնդրին:

Փոխվարչապետը վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց