18:58 03/09/2010 » Հասարակություն

Տիկնիկային «շքերթ»` Դսեղում ու Երևանում

Լոռու մարզի Դսեղ գյուղում սեպտեմբերի 5-11-ը անցկացվելու է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 5-րդ փառատոնը, իսկ Երևանում` սեպտեմբերի 18-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի նախագահ, ծրագրի ղեկավար Արմեն Սաֆարյանը: Ըստ նրա, ձևավորված ավանդույթի համաձայն, փառատոնը հյուրընկալելու է 22 տիկնիկային թատրոնների և թատերախմբերի Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Չեխիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իրանից, Բելառուսից:

Փառատոնի բացվելու է «օդային» տիկնիկային ներկայացմամբ: Փառատոնի օրերին հունգար և հայ տիկնիկային գործիչների ուժերով ներկայացվելու է «Արարչագործություն» ներկայացումը, ցուցադրվելու են սլովեն-չեխ և բելառուս տիկնիկային գործիչների համատեղ ուժերով ստեղծված ներկայացումները: Ի նշան մշակույթների բարեկամության` իրականացվելու է «Տիկնիկներն հանուն խաղաղության» բացօթյա տոնախմբություն` ֆրանսիացի, շվեյցարացի և հայ տիկնիկային գործիչների մասնակցությամբ:
 
Փառատոնի հյուրերին Ստվերների տիկնիկային ծիսական թատրոնի միջոցով ներկայացվելու է «Տիկնիկային արվեստի ակունքները Հայաստանում» ներկայացում-վարպետության դասը: Տիկնիկային գործիչները վարպետության դասեր կանցկացնեն նաև «Տիկնիկային արվեստ` արվեստ հանդուրժողականության և բարեկամության», «Տիկնիկային արվեստի ակունքները և ապագան», «Տիկնիկային արվեստի հնագույն օրրանները շարքից` Հայաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան», «Տիկնիկների տարածված ձևերն ու նրանց պատրաստման եղանակները» թեմաներով: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ևս «Կարապետ» մրցանակներ է շնորհելու առավել աչքի ընկած 13 տիկնիկային գործիչների:

Ըստ Արմեն Սաֆարյանի, փառատոնը կոչված է նպաստելու մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը:
«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 5-րդ միջազգային փառատոնը Երևանում անցկացվելու է տոնական հանդիսություն-շքերթով, որը մեկնարկելու է Թումանյանի թանգարանից` Երևանի դպրոցների, մանկատների և այլ մանկական հաստատությունների երեխաների համար բացօթյա երաժշտական-թատերական ներկայացման ցուցադրումով, ապա մարզերից ժամանած տիկնիկային թատրոնների ուրախ թափորը հեքիաթների հերոսների ուղեկցությամբ Թումանյան փողոցով կհասնի «Կարապի լիճ», ապա օպերային հրապարակ, ուր հարգանքի տուրք կմատուցվի մեծն Թումանյանին նրա արձանի մոտ: Տոնախմբությանը մասնակից երեխաները օպերայի հրապարակում կհավաքեն խճանկարներ ու կնկարեն կավճանկարներ` աշխարհի հեքիաթների թեմաներով:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ :
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց