15:35 07/09/2010 » Իրավունք

Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը ադրբեջանցի բիզնեսմեններից խաբեությամբ կես միլիոն դոլար է կորզել

Թուրքիայի` Քութահյայի պատգամավոր, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիր անդամներից Հուսեին Թուղջուն ադրբեջանցի երեք բիզնեսմեններից կես միլիոն դոլար է «գցել»: Ինչպես հայտնում է «Pia.az»-ը, այդ մասին թերթի խմբագրությանը տեղեկացրել է «գցված» ադրբեջանցի գործարարներից մեկի ազգականը, ով ասել է, որ թուրք պատգամավորը յուրացրել է իր բարեկամի փողերը: Նրա խոսքերով, խաբված ադրբեջանցիների թվում նույնիսկ պետական պաշտոնյա կա:

Ժամանակին Հաջիթեփե համալսարանի դասախոս, ներկայում ԱԶԿ-ի վարչական խորհրդի 51-ամյա անդամ Հուսեին Թուղջուն ադրբեջանցի գործարարներին խաբել է` Ավստրիայում գտնվող «ԱլֆաՕմեգա» հիմնադրամից վարկ «դասավորելու» պատրվակով: Նա ադրբեջանցի գործարարներին առաջարկել է իր միջոցով բիզնես-պլան ուղարկել այդ հիմնադրամ եւ խոստացել 7 շաբաթվա ընթացքում դրական լուծում ապահովել` դրա դիմաց պահանջելով հատկացվելիք վարկի 4 տոկոսը` իբր նոտարական ծախսերը փակելու համար: Հետո նա տարբեր պատրվակներով 140 հազար դոլար փող է պահանջել վերջիններից` հաճախակի իր թիմով Ավստրիա եւ Գերմանիա մեկնելու եւ ինչ-որ լրացուցիչ ու չնախատեսված ծախսերի համար:

Այդ ընթացքում Բաքու այցելած Թուղջուն իրեն ուղեկցող Վեյսալ անունով մեկին ներկայացրել է որպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թարգմանիչ` դրանով ակնարկելով, որ մոտ է Թուրքիայի վարչապետի հետ: Նա իր հետ Բաքու եկած Աուգուստեն անունով գերմանացուն ներկայացրել է որպես «ԱլֆաՕմեգա» հիմնադրամի իրավասու:

Ադրբեջանցի գործարարներից մեկից 60 հազար եվրո ստանալուց մեկ շաբաթ հետո Թուղջուն զանգահարում է նրան եւ ասում, որ շտապ, որպես դեպոզիտ, 1 մլն դոլար փոխանցի «Դոյչեբանկ»-ին: Դրանից կասկածի տակ ընկած ադրբեջանցի գործարարը, պարզում է, որ իր ուղարկած բիզնես-պլանը «ԱլֆաՕմեգա» հիմնադրամում չի ընդունվել: Համոզվելով, որ թուրք պատգամավորը «գցել» է իրեն եւ ցանկանում է յուրացնել նաեւ «Դոյչեբանկ» փոխանցվելիք իր 1 մլն դոլարը, ադրբեջանցի գործարարը նրանից պահանջում է վերադարձնել իրենից խլված ամբողջ գումարը: Դեպքից արդեն 6 ամիս է անցել, սակայն, Հուսեին Թուղջուն ադրբեջանցի գործարարների փողերը չի վերադարձրել:

Միջադեպի մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը եւ մտադիր է մոտ ժամանակներս դիմել նաեւ իրավապահ մարմիններին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց