«Գնենք հայկականը». Փառատոն և ցուցահանդես վաճառք` Երևանի Բուսաբանական այգում

14:18 07/09/2010 » Հասարակություն

«Գնենք հայկականը». Փառատոն և ցուցահանդես վաճառք` Երևանի Բուսաբանական այգում

Սեպտեմբերի 18-19-ը Երևանի Բուսաբանական այգում առաջին անգամ անցկացվելու է «Գնենք հայկականը» խորագրով փառատոն և ցուցահանդես վաճառք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նա նշեց, որ փառատոնի ընթացքում ներկայացվելու է Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների արտադրանքը: Նրա խոսքով, այսօր վերոնշյալ ոլորտում առկա են բազմաթիվ պրոբլեմներ, որոնց հաղթահարումը պահանջում է ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի համատեղ աշխատանք: «Այս փառատոնի նպատակն է մեր հասարակության հայացքը ուղղել դեպի տեղական արտադրություն: Գնելով հայրենական արտադրանքը` նպաստելու ենք ոլորտի բարելավմանը»,-ասաց նա: Ա. Ղազարյանի խոսքով, այս փառատոնն անցկացվելու է Երևանի Բուսաբանական այգում, քանի որ ցանկանում են նաև աջակցել այգու վերակառուցման աշխատանքներին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն այսօր կարևորում է Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացումը: «Այս փառատոնը շատ կարևոր է, քանի որ այն ևս մեկ միջոց է` պետության և մասնավոր հատվածի համագործակցության»,- ասաց նա և հավելեց, որ այս փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև մասնավոր հատվածի հետ քննարկել ոլորտի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները և փորձել միասնական ուժերով դրանց լուծումներ գտնել: Հայկ Միրզոյանը կոչ արեց տեղական ընկերություններին, որպեսզի մասնակցեն այս փառատոնին և իրենց արտադրանքը ներկայացնեն հայ սպառողին:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նշեց, որ փառատոնն ունի նաև մշակութային հարուստ ու բազմազան ծրագիր, որի ընթացքում ներկայացվելու է ազգագրական երգ, պար, հումոր, մանկական խաղերի մրցույթ, էքսկուրսիա Բուսաբանական այգում և այլն:

Նա նշեց, որ այս պահին փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 25 ընկերություն, որոնք արտադրում են տարաբնույթ արտադրանք`սպիտակեղեն, հագուստ և այլն: Նրա խոսքով, առաջիկա օրերին սպասվում է, որ փառատոնին մասնակցել ցանկացող ընկերությունների թիվը կավելանա:

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներ են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, ՀՀ գիտության ազգային ակադեմիայի Բուսաբանական ինստիտուտը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց