ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր ուսումնասիրություն է արել

17:42 07/09/2010 » Հասարակություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր ուսումնասիրություն է արել

Այսօր լույս տեսած ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության համաձայն` համաշխարհային հանրությունը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր` ներդնելով իր ռեսուրսները` ի օգուտ առավել անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների և համայնքների: Նման մոտեցումը թույլ կտար նաև հաղթահարել աճող անհավասարությունները, որոնք ուղեկցում են ՀԶՆ-ներին հասնելու ճանապարհի առաջընթացը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի լրատվական բաժնի տեղեկությունների համաձայն, այս նոր տվյալները ներկայացված են երկու հրատարակություններում` Անվահասարության կրճատումը ՀԶՆ-ները նվաճելու ճանապարհին: Առաջընթաց հանուն երեխաների: ՀԶՆ-ներին հավասարության սկզբունքով հասնելը: Չնայած միջազգային համայնքը մեծ առաջընթաց է գրանցել Հազարամյակի Զարգացման Նպատակներին հասնելու ուղղությամբ, առավել շատ բան դեռևս պետք է իրականացվի գալիք հինգ տարիների ընթացքում:

Համեմատելով տարբեր ռազմավարությունների արդյունավետությունը առավել կարիքավոր անձանց հրատապ առողջապահական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 1 միլիոն դոլարով հնարավոր կլիներ ավելի մեծ թվով կարիքավոր և անապահով խավի երեխաների կյանքեր փրկել, քան դա հնարավոր է ներկայում:
Ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային փորձագետների հետ խորհրդատվության արդյունքում, որոնք բնութագրել են հիմնական տվյալները` որպես և° զարմացնող և° չափազանց կարևոր: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության հիմնական եզրահանգումներից մեկն այն է, որ հիմնվելով հավասարության մոտեցման վրա` ցածր եկամուտ և բարձր մահացության ցուցանիշներ ունեցող երկրում 5 տարեկանից ցածր երեխաների մահացության ցուցանիշների նվազեցման նպատակով 1 միլիոն դոլարի ներդրումը թույլ կտար կանխարգելել 60 տոկոսով ավել մահացություններ, քան առկա մոտեցումը: Բացի այդ, պարզվել է քանի որ յուրաքանչյուր երկրում բնակչության առավել անապահով խավի շրջանում տարբեր հիվանդություններից, առողջական խնդիրներից և անգրագիտությունից տուժում են երեխաները, այս երեխաներին կենսականորեն անհրաժեշտ ծառայություններով ապահովելը կարող է զգալիորեն արագացնել ՀԶՆ-ներին հասնելու առաջընթացը և նվազեցնել տարբեր երկրներում առկա անհավասարությունները:
Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցները թողարկվում են «Փրկեցեք Երեխաներին» կազմակերպության զեկույցի հետ համատեղ, որը կոչվում է «Արդար հնարավորություն ապրելու: Ինչու է հավասարությունն այդքան կարևոր երեխաների համար» և որը հիմնվում է ՀԶՆ 4-ի վրա, այն է` 1990-թ. մինչև 2015թ. երկու երրորդով կրճատել 5-տարեկանից ցածր երեխաների մահացությունը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց