18:00 09/09/2010 » Հասարակություն

«Հայերին բնորոշ և վտանգավոր խնդիր է նաև անտարբերությունը»

«Մտահոգված լինելով հայության, հատկապես, նոր սերնդի բարոյական ու արժեքային համակարգի խարխլմամբ մեր ՀԿ-ն մշակել է երիտասարդության բարոյահայրենասիրական «Պատվո ուղի» ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ Էլեոնորա Մանանդյանը:

Նա նշեց, որ ծրագրի նպատակն է առանձնացնել հայ ինքնությանը համահունչ բարոյական և հայրենասիրական հիմնական որակներն ու դրանք վերհանել հայ ազգի մեջ։ Ըստ նրա, հայերն ունեն անգիտակցական մակարդակում պահպանված պատմական բարձր որակներ և արժեքներ, որոնք անհրաժեշտ է վերհանել:

Էլեոնորա Մանանդյանի խոսքով, ծրագրի մշակման արդյունքում հանգել են այն եզրակացության, որ հայերն ունեն «փաստացի, հռչակված և երանելի արժեքներ»:

ՀԿ-ի նախագահը նշեց, որ հայերի փաստացի որակներից է ծայրահեղությունը, որը ոչ դրական և ոչ բացասական որակ չի կարելի համարել: Ըստ նրա, փաստացի որակներից է նաև նյութապաշտությունը, դյուրահավատությունը, հոռետեսությունը, հայրենասիրությունը, մեծահոգությունը, խաղաղասիրությունը, նվիրվածությունը: «Այսօր փաստացի արժեք է նաև հայերի խելացիությունը, սակայն դրա փոխարեն այսօր հռչակված է հնարամտությունը»,- ասաց նա և շարունակեց թվարկել հայերի փաստացի արժեքները:

ՀԿ-ի նախագահն անդրադառնալով հայերի երանելի որակներին ու արժեքներին, նշեց, որ հայերի երանելի որակներից է պատասխանատվության զգացումը , պատվախնդրությունը, արժանապատվությունը, անբասիրությունը, հավատարմությունը, հավատը լույսի հանդեպ և այլն:

«Նոր Հայաստան» ՀԿ-ի հոգեբան Արմինե Սաբրյանը նշեց, որ միջին և նոր պատմության ընթացքում ձեռք բերված մի շարք բացասական որակների տարածման պատճառը թերարժեքության բարդույթն է: «Հենց թերարժեքության զգացումի հետևանքն է այսօրվա հայերին բնորոշ հոռետեսությունը և դյուրահավատությունը, ինչպես նաև օտարամոլությունը»,- հավելեց հոգեբանը:

Արմինե Սաբրյանը նշեց, որ այսօր վտանգավոր է հայերին բնորոշ կախվածություն խնդիրը, որը շատ հաճախ պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ «Հայերին բնորոշ և վտանգավոր խնդիր է նաև անտարբերությունը»,- հավելեց նա:

ՀԿ-ի նախագաը նշեց, որ հային հատուկ դրական որակները նորից հայերի մեջ արթնացնելու նպատակով անվճար սեմինարներ են անցկացնում բուհերում ուսանողների շրջանում, ինչպես նաև նախատեսում են անվճար դասախոսություններ` դպրոցներում և զորամասերում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց