ԱԺ նախագահը գոհ է խորհրդարանի վերանորոգվող դահլիճի տեսքից ու ձևից

17:01 09/09/2010 » Հասարակություն

ԱԺ նախագահը գոհ է խորհրդարանի վերանորոգվող դահլիճի տեսքից ու ձևից

Օվալաձև դահլիճ, նոր ու առավել համարավետ կահույք և ժամանակակից տեխնիկա. մի խոսքով հրաշալի պայմաններով Ազգային ժողովի նոր դահլիճը պատրաստ կլինի սեպտեմբերի 25-ին: Այդ մասին այսօր շինարարության ընթացքը լրագրողներին ներկայացնելիս հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Սեպտեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը տեղի կունենան Մելքի Ադամյան փողոցում, Կառավարության նիստերի դահլիճում: Իսկ ահա հոկտեմբերին արդեն քառօրյաները կանցկացվեն նոր դահլիճում: «Խոստանում ենք, որ բացումը կլինի իմ նշած ժամկետում և չենք ուշացնի», -հավելեց ԱԺ նախագահը:

Օվալաձև դահլիճի աջ թևում «բեմահարթակի» նման տարածք է լինելու, որտեղ նստելու է ԱԺ ղեկավարությունը, իսկ նախագահությունից մի փոքր առաջ տեղադրված է լինելու ամբիոնը, որտեղից ելույթ են ունենալու պատգամավորները:
Նախագահության դիմաց էլ նստելու են պատգամավորները` յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղում:

ԱԺ նախագահն ասաց, որ օրական երկու կամ երեք անգամ գալիս է «շինհրապարակ» ու շատ գոհ է աշխատանքների ընթացքից: «Գոհ եմ հատկապես որակից ու տեսքից, իրոք շատ գեղեցիկ է լինելու», -հավելեց խորհրդարանի նախագահը:

Լրագրողներն էլ իրենց տեղն ունեն նոր դահլիճում, բայց մի քիչ մեկուսացված. վերին հատվածում տեղադրված են լինելու օթյակատիպ երկու սենյակներ, որտեղ էլ լրագրողները մոնիտորների միջոցով հետևելու են խորհրդարանականների աշխատանքին: Լրագրողներին ու պատգամավորներին միմյանցից բաժանելու է ապակին:

Չի՞ կարծում արդյոք ԱԺ նախագահը, որ լրագրողները մի տեսակ բաժանված են պատգամավորներից ու առանձնացված հարցին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց` այդպես չէ ու հավելեց` խոստանալով. «Մենք միշտ միասին ենք լինելու, ո՞նց ենք առանձնանում: Մենք հնարավորություն ենք տալիս լրագրողներին լիովին տիրապետել Ազգային ժողովի թափանցիկ աշխատանքին: Եթե ընթացքում ինչ-որ խնդիրներ լինեն, մենք անպայման կվերացնենք դրանք»:

ԱԺ նոր դահլիճի ընդհանուր վերանորոգման համար պետական բյուջեից ծախսվել է 480 մլն դրամ:

Արդյոք անհրաժե՞շտ էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այդքան գումար պետբյուջեից հատկացնել Ազգային ժողովի դահլիճի վերանորոգման համար:

Աբրահամյանը պատասխանեց, որ խորհրդարանի դահլիճի վերանորոգման մասին ծրագիր եղել է դեռ 2008 թվականից: «Ամեն տարվա բյուջեն բաշխելիս այս հարցը հետաձգվել է: 2010 թվականի բյուջեում հանրապետության նախագահը թույլ տվեց, որ այդ հարցը ներառենք և դահլիճը վերանորոգենք: Եվ իրոք, դահլիճը պետք էր վերանորոգել: Դա այդքան էլ մեծ գումար չէ և իմ կարծիքով, շատ ճիշտ քայլ է արվել, որ դահլիճը վերանորոգվել է», -հավելեց խորհրդարանի ղեկավարը` լրագրողներին խնդրելով դահլիճի վերանորոգման հետ կապված «միշտ դրական մոտեցումներ ցուցաբերել»:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն իր հերթին տեղեկացրեց, որ նոր սեղան-աթոռներն ու տեխնիկան արդեն հինգ օրից կլինեն Հայաստանում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց