19:17 09/09/2010 » Հասարակություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «Սպեղանի» երգչախմբի համերգի հովանավոր

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի համերգը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 7-ը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի համերգը: Այս մասին տեղեկացանք ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունից:

Համերգը կազմակերպված էր ի պատիվ Կանադայի Համայնքների պալատի «Կանադա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, որոնք Հայաստան էին ժամանել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման նպատակով:

«Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ է ներդրել հայ խմբերգային արվեստի զարգացման գործում և ուրույն տեղն է զբացեղնում Հայաստանի մշակութային կյանքում: Հայ մշակույթին սատար կանգնելու իր ռազմավարությանը հավատարիմ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է այս ինքնատիպ կոլեկտիվի համերգի հովանավորությունը:

Երգչախումբը ստեղծվել է 1996թ.` ի հիշատակ Արցախի ազատամարտի նահատակների: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և խմբավարը երաժշտագետ և մանկավարժ Սարինա Ավթանդիլյանն է:

Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել Հայաստանի հանրահայտ երաժիշտների և միջազգային հեղինակավոր փառատոներում խմբերգային մշակույթի խոշորագույն գործիչների կողմից:

2010 թվականի օգոստոսի սկզբին «Սպեղանին» հրավիրվել էր մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Մասնակից 48 երկրից «Սպեղանին» արժանացել է երեք առաջին մրցանակի` «Հոգևոր երաժշտություն» , «Ժամանակակից երաժշտություն» և «Ազգային երաժշտություն» անվանակարգերում: Սանկտ-Պետերբուրգի` երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` «Սպեղանի» երգչախմբի կատարումը նման է հրեշտակների երգի:

Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի երգչախումբ օտար երկրում չի արժանացել միանգամից երեք մրցանակի: Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանն նշել է. «Սպեղանի» երգչախումբը դարձել է հայ մշակույթի անբաժանելի մասը: Այսօրվա համերգով «Սպեղանին» դասեց իրեն Հայաստանի լավագույն երգչախմբերի շարքում»:

Երգչախումբը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում` մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով դափնեկրի կոչման:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է աջակցել միջազգային ճանաչման արժանացած նման տաղանդավոր կոլեկտիվի:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց