Դասախոսություններ` նվիրված գենետիկային. Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ գիտնականներ
Փետրվարի 20-26-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ-ի և Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիայի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է գենետիկայի նվաճումները ներկայացնող դասախոսությունների շարք: Միջոցառմանը հրավիրվել են ոլորտի 13 արտերկրա աշխարհահռչակ գիտնականներ և 5 տեղացի գիտնականներ, նաև մեծբրիտանացի Նոբելյան մրցանակակիր սր Թիմոթի Հանթը:
Այս մասին ասուլիսում հայտնեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:
ՀԿ-ի արտաքին կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանն ասաց, որ միջոցառման թեմատիկ ուղղվածությունը գենետիկական անկայություններ են. «Այս թեման ակտուալ է աշխարհում, քանի որ վերջին 10-ամյակների հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկական անկայունությունը հիմնական պատճառներից է այնպիսի հիվանդությունների, ինչպիսին է քաղցկեղը: Իսկ քանի որ մեր համալսարաններում քիչ են այդ թեմային ուշադրություն դարձնում, որոշեցինք հենց այդ թեմային էլ նվիրված արտահամալսարանական դասախոսությունների շարք կազմակերպել, որպեսզի մեր ուսանողները ավելի տեղեկացված լինեն աշխարհում տեղի ունեցող բացահայտումներին, նվաճումներին»:
Դասախոսություններին մասնակցելու են երիտասարդ 19 գիտնականներ արտերկրից (Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինա և այլն), 30` Հայաստանից:
Բանախոսները տեղեկացրեցին, որ դասախոսությունների շրջանակում տեղի է ունենալու նաև կլոր սեղան-քննարկում: