Օգտագործենք ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզ. «Սեպտեմբերի երեքը՝ քարտեզի օր» նախաձեռնություն
Մի խումբ հասարակական կազմակերպություններ որոշել են նշել սեպտեմբերի 3-ը որպես Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի (Արցախի ) Հանրապետության միացյալ քարտեզի օր:
«Կարող է տարօրինակ թվալ, թե ինչ կարիք կա նշել «միացյալ» կամ «ճիշտ քարտեզի օր», սակայն հայոց պետականության ճիշտ սահմանները չճանաչելը, ցավոք, համատարած երևույթ է Հայաստանում։ Գործողության նպատակը հայության` նախ և առաջ երիտասարդության, իրազեկումն է, ՀՀ և ԼՂՀ իրական սահմանների մասին հիշեցնելն է, քանի որ շատերի ուղեղներում այսօր էլ դաջված է վաղուց արդեն գոյություն չունեցող՝ ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած սահմաններով Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» և ԼՂԻՄ ուրվագիծը»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:
Նախաձեռնության շրջանակներում Facebook և вКонтакте սոցիալական ցանցերում ձևավորվել են մի քանի խմբեր, որոնցում ակտիվորեն քննարկվում են ճիշտ սահմաններով քարտեզների տարածումն ու կիրառումը:
Նախաձեռնության մասնակիցներին վրդովեցնում է այն փաստը, որ ՀՀ տարածքում գործող որոշ կազմակերպություններ ու նույնիսկ պետական հաստատություններ դեռևս օգտագործում են ոչ ճիշտ՝ վաղուց արդեն գոյություն չունեցող ԼՂԻՄ սահմաններով քարտեզ: Սխալ քարտեզ է օգտագործվում, օրինակ՝ «Հ2» հեռուստաընկերության եղանակի տեսության եթերում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում:
Նախաձեռնության շրջանակներում փորձ է արվելու դպրոցականներին ճիշտ քարտեզ նվիրելու ավանդույթ ձևավորել։ Նաև մեկնարկել է ճիշտ քարտեզով պատկերների տարածումը սոցցանցերում և բլոգոլորտում։ Կլինեն նաև բողոքի ակցիաներ` ուղղված ոչ ճիշտ քարտեզներ կիրառող կազմակերպություններին և պետական մարմիններին:
Ակցիայի նախաձեռնողները համոզված են` «Չիմանալ՝ նշանակում է չունենալ». ուստի կոչ են անում միանալ նախաձեռնությանն ու կիրառել միայն ՀՀ և ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ:
Նշենք, որ նախաձեռնության մեջ ընդգրկված են «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն, «Արմատ» մամուլի ակումբը, «Հայրենապաշտ» ՀԿ-ն, «ՀայՖոն» նախաձեռնությունը, Times.am լրատվական գործակալությունը, Voskanapat.info տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում