Ա. Աշճյան. Իրաքի հայկական համայնքը բավականին կայուն է

14:36 30/11/2011 » Հասարակություն

Ա. Աշճյան. Իրաքի հայկական համայնքը բավականին կայուն է

«Միշտ էլ ասվել է, որ Իրաքի հայկական համայնքը կազմակերպված է եղել, հայերը խելացի են, մեծ ազդեցություն են ունեցել կառավարական գրասենյակների վրա, զբաղվել են առևտրով ու բավականին հաջողությունների են հասել»,- այս մասին ասուլիսում ասաց իրաքահայության Facebook-ի խմբի հիմնադիր և համակարգող Արա Աշճյանը` ներկայացնելով Իրաքի հայկական համայնքի ձևավորման պատմությունը:
Նա ասաց, որ հայերի թիվը Իրաքում Հայոց ցեղասպանությունից հետո 24-25 հազարով ավելացել է:

Ա. Աշճյանն ասաց, որ այսօր Իրաքում բնակվում է 10-12 հազար հայ, որից 5-6 հազարը` Բաղդադում: Ըստ նրա, այսօր շատ են գաղթում եվրոպական երկրներ ու ԱՄՆ` հատկապես պատերազմից հետո: «Համեմատելով այսօրվա վիճակը չորս-հինգ տարի առաջվա հետ, հայկական համայնքը բավականին կայուն է»,- ասաց բանախոսը: Միաժամանակ նա հայտնեց, որ հայոց լեզուն նահանջ է ապրում այսօր, քանի որ երիտասարդները նախընտրում են արաբերենով շփվել:

Խոսելով Facebook-յան էջի գործունեության մասին ասաց, որ աշխարհի տարբեր երկրներում էլ բնակվում են իրաքահայեր, ու նպատակն է նրանց միջև կապեր հաստատելը:

Անդրադառնալով արաբական գարնանից հետո արաբահայ համայնքի վիճակին, Ա. Աշճյանը հույս հայտնեց, որ մեծ տեղաշարժեր չեն լինի, քանի որ դա ցավալի արդյունքի կարող է հանգեցնել: Հնարավո՞ր է այդ իրադարձությունների հետևանքով արաբահայությունը ներգաղթի Հայաստան, հարցին պատասխան տալու փոխարեն նա էլ հարց տվեց` «արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել նրանց»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց