Նախարարությունը պատգամավորին չի ներկայացրել բնակմակերեսներից ինքնակամ հրաժարվածների ցուցակը

18:55 03/02/2012 » Հասարակություն

Նախարարությունը պատգամավորին չի ներկայացրել բնակմակերեսներից ինքնակամ հրաժարվածների ցուցակը

2011թ-ի վերջին մանկատան մի խումբ շրջանավարտներ, որոնք սոցիալական ծանր պայմաններում են ապրում ու անգամ աշխատանք չունեն, բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այդ նամակի պատասխանը հունվարի 12-ին հրապարակել էր հայաստանյան լրատվամիջոցներից մեկը, որից հետո առաջացած հարցերի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցում էր ուղարկել նախարարությանը:

Նախ անդրադառնանք այդ հրապարակմանը:

Դրանում նշված էր, որ որոշ քաղաքացիներ հրաժարվել են Սպիտակում և Ստեփանավանում բազմաբնակարան շենքերում բնակմակերես ստանալ` թվով 46-ը և միայն 13-ն են նախընտրել ստանալ առանձին բնակարան` նշելով նրանց ընտանեկան կարգավիճակն ու ընտանիքի անձերի թիվը: Տիկին Բախշյանն էլ նախարարությունից պահանջել էր այդ անձանց ցուցակները, հասկանալու համար` այդ ովքե՞ր են, որ նեղ պայմաններում ինքնակամ հրաժարվել են բնակմակերեսից:

Օրերս պատգամավորը ստացել է պատասխանը, որում նշված է հետևյալը.

«Նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվում է հանրապետության տարբեր բնակավայրերում սոցիալական բնակֆոնդի համար կառուցված բնակարաններից մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարաններ: Այս եղանակով 2001թ-ի ընթացքում Գյումրի քաղաքում` 6 և Մարալիկ քաղաքում` 12 բնակարան է տրամադրվել մանկատան շրջանավարտների համար, որոնք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության կողմից ստեղծված հանձնաժողովին հանձնվելուց անմիջապես հետո կտրամադրվեն շահառուներին»:

Այս նամակում կարդում ենք նաև Panorama.am-ի հրապարակումների հերոս, Նոր Նորքում 1991թ-ից թիթեղյա տնակում բնակվող մանկատան նախկին շրջանավարտ Կարեն Միրզոյանի մասին ևս. Panorama.am-ի հրապարակումներից ու տիկին Բախշյանի հարցումներին ի պատասխան նախարարությունը բազմիցս հավաստիացրել էր, որ Կարենը վերջապես իր անկյունը կունենա Մարալիկի կառուցվող այդ շենքում: Թեև ժամկետներում միշտ սխալ, փաստորեն, տեղեկատվություն են տրամադրել` այդ բնակարանի ստացումը նախատեսված էր նախ օգոստոսին, հետո սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ հետո էլ մինչև ամանոր: Եվ ահա հիմա կարդում ենք.

«Մարալիկ քաղաքում կառուցված սոցիալական տան ջրամատակարարման համակարգի շինարարարկան աշխատանքները ընթացքի մեջ են, դրանց ավարտից հետո կհանձնվի շահագործման . առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված բնակարանները կհանձնվեն նախարարությանը` ընտրված անձանց, այդ թվում նաև Կարեն Միրզոյանին տրամադրելու համար»:

Մինչդեռ Կարենը Panorama.am-ին տեղեկացրեց, որ նախարարությունից իրեն մոտալուտ ուրախության վերաբերյալ դեռևս ոչ մի տեղեկություն չեն տրամադրել, միայն անցյալ տարեվերջին հույս ուներ, որ ձմեռը քիչ թե շատ մարդավարի պայմաններում կանցկացնի, բայց սպասումներն այս անգամ էլ ապարդյուն էին` ձմեռը գրեթե ավարտվել է, իսկ ինքը, իր հաշմանդամության կարգով հանդերձ, դեռ թիթեղյա սառը տնակում է գոյատևում:

Հիմա` տիկին Բախշյանի մոտ դարձյալ հարցեր են առաջացել.

«Ցավոք այն անձանց ցուցակները, որոնք ես խնդրել եմ, ինձ չեն տրամադրել ու ես հիմա չեմ կարող հստակ ձևակերպում տալ այդ ամենին` 46 քաղաքացի ինքնակա՞մ է հրաժարվել իրեն տրամադրվող բնակմակերեսից, թե՞… Ի վերջո 2006թ-ից սկսած իմ ձեռքի տակ ունեմ բոլոր հերթագրվածների անուն-ազգանունները, բա չհասկանամ ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ են հրաժարվում այդքան սպասված բնակմակերեսից»,-թե հատկապես ինչու է դժգոհ նախարար Արթուր Գրիգորյանի պատասխանից Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքերով` ստացված նամակը իր հարցման պատասխաններ առհասարակ չի պարունակում, այլ` «շաբլոն ինչ-որ բան են գրել, և կոնկրետ իմ հարցերի պատասխանները չկան»:

Ավելացրեց, որ նախարարությունից ստացված պատասխանում գրել են, թե` «Լոռու մարզի բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 60 անձանց հետ աշխատել են Սպիտակ և Ստեփանավան քաղաքների քաղաքապետարանները, ուստի անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ վերոնշյալ քաղաքապետարաններից», բայց քանի որ ոլորտն այդ գերատեսչության վերահսկողության տակ է, ապաև հասցեատերն իր կողմից ճիշտ է ընտրվել: Պարզապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ինչ-ինչ պատճառներով զլացել է կամ…

Մի խոսքով` մանկատների նախկին շրջանավարտների շուրջ անհասկանալի գործընթացները շարունակվում են:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց