Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Դինքի գործով կայացված դատավճիռը

12:00 06/02/2012 » Հասարակություն

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Դինքի գործով կայացված դատավճիռը

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Պոլսի «Ագոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի գործով թուրքական դատարանի կայացրած դատավճիռն իրենց խորապես հիասթափեցրել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika.com) լրատվական կայքը:

Ըստ աղբյուրի`Բրյուսելում կազմակերպված «Եվրոպական սեղանի» ընթացքում եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով համազեկուցող Ռիա Օմեն-Ռյույտենը, նշելով, որ Դինքի դատավարությունը Թուրքիայի համար բաց թողնված հարմար առիթ էր, ասել է. «Թուրքիան առիթը բաց թողեց և մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ այս երկրի դատաիրավական համակարգը, միանշանակ, բարեփոխումների կարիք ունի: Եվրախորհրդարանում բոլորը համակարծիք են, որ իրավիճակն ամոթալի է»:

Իր հերթին անգլիացի խորհրդարանական Էնդրյու Դաֆֆը, նշելով, որ անձամբ ծանոթ է եղել Հրանտ Դինքի հետ, ասել է. «Նա մեծատառով մարդ էր. առիթ եմ ունեցել նրա հետ մի քանի անգամ հանդիպելու: Շատ ամոթալի է այն իրողությունը, որ սպանությունից հետո այսքան ժամանակ է անցել, բայց այն դեռ ամբողջապես չի հետաքննվել ու դատապարտվել: Կան երիտասարդ, առաջադեմ, լիբերալ փաստաբաններ, որոնք պաշտպանում են այն տեսակետը, որ երկրի դատական համակարգը պետք է բարեփոխել: Սակայն դա հեշտ բան չէ: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) այս հարցում անորոշ տեսակետ ունի: Նրանք հակված են ռեֆորմներ անելուն, բայց արագ գործի անցնելու համար անհրաժեշտ քաջությունը չունեն»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց