«Վալլեքս». Սկզբնական փուլերում գուցե բավարար ուշադրություն չենք դարձրել Թեղուտի տարածքի հուշարձանների խնդրին
«Վալլեքս» խմբի ընկերությունները վերջին 4-5 տարիների ընթացքում արձանագրել են բավականին կայուն աճ: Այսպիսով, նշված ժամանակահատվածում ընդհանուր իրացման ծավալները հասել են 200 մլն ԱՄՆ դոլարի, իսկ շահույթը կազմել է 35 մլն դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը:
Ինչ վերաբերում է «Վալլեքս» խմբում ընդգրկված «Թեղուտ» ընկերության կողմից իրականացվող հանքավայրի շահագործման ծրագրին, ապա Գ.Արզումանյանի բնորոշմամբ, այն հանդիսանում է նորանկախ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր պատատասխանատվությամբ իրականացվող ծրագիրը:
Նա նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված հասարակության կողմից բարձրացված հարց իրենք փորձում են քննարկել, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են էլ ավելի բարելավել այդ ծրագիրը: «Պարզապես, քանի որ նրա բնապահպանական ազդեցությունը ևս աննախադեպ է Հայաստանի համար, դրանով է թերևս պայմանավորված այն ուշադրությունը, որը ծրագիրն ստանում է: Այնուամենայնիվ, դրանից ծրագիրը միայն շահում է, քանի որ ծրագրի զարգացման տարբեր փուլերում մենք կարողացել ենք ֆիլտրել այն առաջարկությունները, որոնք կարող են օգտագործվել իսկապես ի նպաստ ծրագրի և շրջակա միջավայրի»,- նշեց Գ.Արզումանյանը:
Ըստ նրա, ծրագիրն իր նախապատրաստական փուլերում անցել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննությունները, կազմակերպվել են հասարակական մի քանի լսումներԼ Նրա խոսքերով՝ մինչ այժմ չի եղել մի ծրագիր, որ հասարակության կողմից արժանանա այնպիսի ուշադրության, ինչպիսին Թեղուտն է: Նշվեց նաև, որ իրենք ներկայացրել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, որը ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության դրական փորձագիտական եզրակացություն, բացի այդ ծրագիրը քննարկվել է առողջապահության և մշակույթի նախարարություններում և դրական վերաբերմունքի է արժանացել բոլոր ատյաններում:
«Չնայած դրան, մենք առաջնորդվում ենք ավելի բարձր չափանիշներով: Մասնավորապես, Հայաստանում չկա օրենք, չկա իրավական որևէ ակտ, որը պահանջում է, որ եթե կառավարության կողմից տրվել է անտառահատման թույլտվություն, ապա անտառահատում իրականացնողը փոխհատուցող միջոցառումներ պետք է իրականացնի: Մեր նախաձեռնությամբ կառավարության որոշմամբ ամրագրվել է պահանջ, որպեսզի անտառահատմանը զուգահեռ մենք կրկնակի ծավալով անտառապատման աշխատանքներ իրականացնենք»,- նշեց Գ.Արզումանյանը:
Անդրադառնալով բնապահպանների դժգոհություններին, նա ասաց, որ գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք ավելի բաց են աշխատում բնապահանների հետ, ցանկացած առաջարկություն քննարկում են: «Գուցե դա նաև պայմանավորված է նրանով, որ հասարակության այդ շերտը դրսևորման այլ հնարավորություններ չունի, այսինքն՝ չկան այլ ծրագրեր, որտեղ բնապահպանները փորձեն իրենց լուման ներդնեն` հասարակության զարգացման համար: Ես ուրախ կլինեմ, որ այդ ալիքի շարժման արդյունքը լինի այն, որ թե Թեղուտը, թե դրան հաջորդող բոլոր ծրագրերը կարողանան մեկ աստիճան ավելի բարձր պատասխանատվությամբ վերաբերվեն շրջակա միջավայրի պահպանությանը»,- ասաց «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե միթե Հայաստանում բացի Թեղուտից այլ բնապահպանական խնդիրներ չկան, Արզումանյանը պատասխանեց. «Ես չասացի` այլ բնապահպանական խնդիրներ չկան, բայց ձեզ հայտնի՞ են այլ ծրագրեր, որ ծրագիրն իրականացնողերն այսպիսի պատասխանատվությամբ շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերի շուրջ քննարկումներ են ծավալում: Եթե հայտնի են, ասեք»:
Այդուհանդերձ, Գ.Արզումանյանը նշեց, որ բնապահպանների բողոքների արդյունքում փորձում են ավելին անել երկրի տնտեսության համար: «Չեմ կարող թաքցնել, որ հանքավայրի շահագործման աշխատանքների սկզբնական փուլերում գուցե բավարար ուշադրություն չենք դարձրել Թեղուտի տարածքի հուշարձանների խնդրին: Սակայն երբ բնապահպանները մեր ուշադրությունը հրավիրեցին այդ հանգամանքի վրա, մենք կազմեցինք քարտեզ և համալիր միջոցառումների ծրագիր իրականացվեց այդ ուղղությամբ: Հայաստանի պատմության մեջ գուցե միակ դեպքն է, երբ մասնավոր ընկերության հաշվին այդպիսի մեծածավալ հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվում»,- ասաց նա և հավելեց, որ իրենք պետք է կարողանան ապացուցել՝ իրենց կողմից տրված հավաստիացումները իրականություն կդառնան: