Վաղը մտադիր են Մաշտոցի պուրակում ապամոնտաժում իրականացնել

15:40 28/04/2012 » Հասարակություն

Վաղը մտադիր են Մաշտոցի պուրակում ապամոնտաժում իրականացնել



Վաղը` ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը:

«Երեք ամսից ավելի տեղական ինքնակառավարման և պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել “Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները։

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանաբանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետևանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլլիոն դրամը։ Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երևանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար։

Ուստի, հասարակական և կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելու և դրանց սպառնող վտանգը վերացնելու համար սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը»,-ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպաններից անկախ ստեղծվել են մի քանի խմբեր, որոնց նպատակն է ապամոնտաժել այգու տարածքում արդեն տեղադրված կրպակները: Նման մի փորձ եղել է ապրիլի 15-ին:

Ոստիկանությունը հայտարարեց, որ այդ օրը Մաշտոցի պողոտային հարող այգում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարուցվել և իրականացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց