Ովքե՞ր տարածքներ ունեն «Հաղթանակ» զբոսայգում. Քաղաքապետարանի պատասխանին սպասելիս
Ավելի քան մեկ ամիս առաջ` ապրիլի 4-ին Panorama.am-ի խմբագրությունը մի քանի հարց է ուղղել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը` պարզելու, թե «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ովքե՞ր և ի՞նչ իրավունքով են հողեր ձեռք բերել:
Նման հարցման համար հիմք են հանդիսացել շրջանառվող տեղեկությունները, թե այգու տարածքում պաշտոնյաներից մի քանիսը սեփականության իրավունքով բավականին մեծ տարածքներ են ձեռք բերել ու պատրաստվում են առանձնատներ կառուցել: Բամբասանքների հետևից չընկնելու համար փորձեցինք իրավասու մարմնից` այս պարագայում քաղաքապետարանից հավաստիանալ, նման լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ:
Ապրիլի 4-ին ուղարկված նամակն անարձագանք մնաց: Երկրորդ անգամ նույն հարցումը քաղաքապետարանի նույն վարչությանը ուղարկվեց ապրիլի 16-ին: Մինչ օրս հարցմանը որևէ պատասխան չի եղել: Տեղեկատվություն ստանալու հարցումն այսօր արդեն երրորդ անգամ ուղարկեցինք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Քաղաքապետարանի այդ վարչությունից Panorama.am-ը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներից և ոչ մեկում որևէ արձագանք չի ստացել, այդ թվում պատասխանի հետաձգման պատճառների մասին:
Բամբասանքներին, ասեկոսեներին տուրք չտալու ու իրավասու մարմնից հստակեցումներ պահանջելու վերաբերյալ հորդորներով ու կոչերով հաճախ հանդես եկող գերատեսչություններից մեկը` քաղաքապետարանը, հետաքրքիր է, ինչո՞ւ է լռում:
Վարչության պետ Արթուր Գևորգյանն այսօր մեզ հետ զրույցում պատճառաբանեց, թե ապրիլի 4-ին ուղարկված հարցումն իրենք չեն ստացել, իսկ ապրիլի 16-ին ուղարկված հարցումը չեն նկատել, խոստացավ հարցերն ուղարկել համապատասխան վարչություն: Ինչևէ, Panorama.am-ն ակնկալում է, որ այսօր` 22.05.2012-ին ուղարկված հարցմանը օրենքով սահմանված ժամկետներում պատասխան կտրվի:
Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է.
«Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»:
Քաղաքապետարանի հիշյալ վարչությանն ուղղված հարցերը ներկայացնում ենք ստորև.
1. «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ովքե՞ր, ե՞րբ, ի՞նչ ժամկետով են վարձակալության իրավունք ձեռք բերել:
2. Տրամադրել Երևանի քաղաքապետների այն որոշումները որոնց հիման վրա իրականացվել է վարձակալումը:
3. Կա՞ն որոշումներ, որոնցով այգու տարածքում գտնվող հատվածներ տրամադրվել է սեփականության իրավունքով: Եթե այո, ապա ընդհանուր առմամբ ինչքա՞ն է կազմում սեփականություն հանդիսացող հողատարածքի մակերեսը, ովքե՞ր են սեփականատերերը: Ինչքա՞նով է վաճառվել 1քմ հողատարածքը:
3. Այգու տարածքում վարձակալած /սեփականաշնորհած/ հատվածներում տրվա՞ծ է կառուցապատման իրավունք: Եթե այո, ապա ի՞նչ օբյեկտի համար: