ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ոտքի ցավերից մշտապես բողոքող Արմենին ծանուցում են տվել բանակ զորակոչելու համար

18:36 25/06/2012 » Հասարակություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ոտքի ցավերից մշտապես բողոքող Արմենին ծանուցում են տվել բանակ զորակոչելու համար

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր հայտարարություն է տարածել զորակոչիկ Արմեն Օհանյանի դեպքի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2011 թ-ի գարնանը՝ ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց առաջ, սպորտով զբաղվելու հետևանքով ծնկային հատվածի խաչաձև կապանի վնասվածք ստանալու պատճառով զորակոչից տարկետում ստացած Արմեն Օհանյանը պարբերաբար 6-7 անգամ անցել է բուժզննություն Նորք-Մարաշի օրթոպեդիկ բժշկական կենտրոնում: Արդյունքում 2011 թ-ի մայիսի 17-18-ը նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, ծնկոսկրի գերշարժունություն, վիճակ տարած հեմարթրոզից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով»: 2011 թ-ի հուլիսի 19-ին նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, վիճակ կոնսերվատիվ բուժումից հետո, ֆունկցիայի աննշան խանգարումով»:

2011 թ-ի նոյեմբերին Ա. Օհանյանին ուղարկել են վիրահատման Էրեբունի բժշկական կենտրոնում: Բուժզննում անցնելուց հետո հաստատվել են նախկին ախտորոշումները, սակայն վիրահատությունը սկսելուց հետո բացահայտվել է, որ նրա մոտ առկա է «Աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանի վնասում: Արթրոսկոպիկ վիրահատությունից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարում:»

Ըստ զորակոչիկի՝ վիրահատությունը եղել է անարդյունավետ, քանզի նրա մոտ առկա խնդրի հետ կապված որևէ միջամտություն այլևս անհնար է եղել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն բավականին ուշ է եղել, նրա մոտ կտրված է եղել աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանը, որը սակայն որևէ հետազոտման ժամանակ պարզված չի եղել: Բժիշկները նաև բացառել են հետագայում Ա. Օհանյանի սպորտով զբաղվելը:

Մի քանի ամիս անց՝ 2012 թ-ի փետրվարին, Ա. Օհանյանին կրկին անգամ կանչել են բժշկական հետազոտության, որր տեղի է ունեցել Գյումրիում: Այնտեղ ներկա են գտնվել Ա. Օհանյանի առողջական խնդիրներին տեղյակ բժիշկները: Նրանք տեսել են, որ Ա. Օհանյանի ոտքը դեռևս վիրակապված է: Այնտեղ Ա. Օհանյանը չի անցել որևէ բժշկական զննություն: Տեղյակ լինելով նրա առողջական խնդիրների մասին՝ նրան անմիջապես տրամադրել են զորակոչից 9 ամիս տարկետում, սակայն Ա. Օհանյանը ծանուցում է ստացել Վանաձորի զինկոմիսարիատից 2012 թ-ի մայիսի 11-ին զինկոմիսարիատ ներկայանալու մասին: Ա. Օհանյանր ներկայացել է Վանաձորի զինկոմիսարիատ, որտեղ վերստին ներկա է եղել նույն բժիշկը: Այս անգամ ևս Ա. Օհանյանը չի ենթարկվել բուժզննության, և նրա վիճակը գնահատվել է նորմալ: Ա. Օհանյանի բողոքներին ուշադրություն չեն դարձրել՝ ասելով, որ պետք է գնա ծառայության:

2012 թվականի մայիսի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ա. Օհանյանի առողջական վիճակի համալիր հետազոտության իրականացման, առողջական վիճակի պարզաբանման և զինվորական ծառայությանը նրա պիտանելիության հարցին վերջնական լուծում տալու նպատակով գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որին դեռևս որևէ պատասխան չի տրվել՝ չնայած այն հանգամանքին, որ գրությանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները արդեն լրացել են:

Արդյունքում, 2012 թվականի հունիսի 8-ին Վանաձորի զինկոմիսարիատից այցելել են Արմեն Օհանյանի բնակարան և հայտնել, որ զինկոմիսարիատը սխալվել է Արմեն Օհանյանին բանակ զորակոչելու հարցում և ավելացրել, որ չեն զորակոչի բանակ, կուղարկեն կենտրոնական ռազմաբժշկական հետազոտության՝ հետագա բուժման նպատակով:

Այնուամենայնիվ, Արմեն Օհանյանը 2012 թ-ի հունիսի 22-ի համար ստացել է ծանուցում՝ ներկայանալու Գյումրիում անցկացվելիք կենտրոնական բժշկական հետազոտությանը, որի ժամանակ ներկա է եղել Ա. Օհանյանին վիրահատություն կատարած բժիշկը: Վերջինս հայտնել է, որ ինքը ծանոթ է Ա. Օհանյանի խնդրին և առանց որևէ հետազոտություն իրականացնելու Ա. Օհանյանին տրամադրել են ծանուցում 2012 թ-ի հունիսի 27-ին բանակ զորակոչելու համար՝ չնայած, որ Ա. Օհանյանը մշտապես բողոքում է ցավերից, որոնք արտահայտվում են քայլելուց, երկար ժամանակ կանգնելուց, եղանակի փոփոխությունից:

Վերը շարադրվածը վկայում է Արմեն Օհանյանի առողջական վիճակի նկատմամբ պաշտպանական գերատեսչության ոչ համարժեք վերաբերմունքի և գործողությունների մասին:

Մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերով, մասնավորապես Ա. Օհանյանի առողջական վիճակով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է հաշվի առնել Ա. Օհանյանի առողջական խնդիրները՝ նրան համալիր բուժզննության ենթարկելու, զինծառայությանը նրա պիտանիության հարցը քննարկելու և խնդրին հրատապ լուծում տալու հարցում»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց