Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

16:32 25/06/2012 » Հասարակություն

Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Հունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից` ժողովի օրակարգում քննության են առնվել մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նվիրապետական Աթոռներին, Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերի գործունեությանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին:

Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է Վեհափառ Հայրապետի` հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ և օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Սբ. Աստվածածին պատմական վանքի վերաօծման և վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները:

Ժողովականներն անդրադարձ են կատարել նաև սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մայր Աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրվել են մի շարք կարևոր նյութեր, ինչպիսիք են` Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությանը` թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի արդյունքները, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմության հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և ներեկեղեցական տարբեր խնդիրներ:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում առկա իրավիճակի մասին և աղոթք են բարձրացրել Պատրիարք Սրբազանների և երկու պատրիարքությունների միաբանների համար:

Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական, սրբադասման և ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին ժողովականներին զեկուցել են հանձնախմբերի համաատենապետեր Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունել է հանձնախմբերի արձանագրած արդյունքները` հորդորելով շարունակել աշխատանքները` ի շահ և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու:
Ժողովի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանք է բերել ԳՀԽ անդամներին կատարված օգտակար աշխատանքի և եկեղեցանպաստ ծառայության համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց