Մ. Ապրեսյան. Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ ՀՀ ու ԼՂՀ տարածքում հանգստանալ

11:43 04/07/2012 » Տնտեսություն

Մ. Ապրեսյան. Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ ՀՀ ու ԼՂՀ տարածքում հանգստանալ

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի կառավարության որոշմամբ ներդրված սոցիալական փաթեթով հանրային ծառայողներին հատուկ գումար է հատկացվում նաև հանգիստ անցկացնելու համար: Տրամադրված միջոցներով հանրային ծառայողները կարող են հանգիստ անցկացնել միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի տարածքում: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա նաև նշեց, որ նախարարության կողմից հաստատվել է հատուկ կարգ, չափանիշներ, որոնց համապատասխանող զբոսաշրջային օպերատորները կարող են հայտ ներկայացնել նախարարություն ու իրենց ծառայություններն առաջարկել: Չափանիշներն են` հայտը ներկայացնելու պահին տուր-օպերատորն առնվազն երեք տարվա փորձ պետք է ունենա, մեկ-երկու անգամ մասնակցած լինեն ՀՀ-ում կազմակերված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, հայտի հետ ներկայացնեն առնվազն 15 զբոսաշրջային փաթեթ առաջարկ, որից երկուսը` ծառայություն ԼՂՀ տարածքում, նաև ՀՀ կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում:

Նախարարության կայքում (www.mineconomy.am) կա հատուկ էջ, որտեղ ներկայացված են զբոսաշրջային օպերատորներն ու նրանց առաջարկած զբոսաշրջային փաթեթը: Կան տարբեր առաջարկներ` ամենատարբեր գներով:

Մ. Ապրեսյանի խոսքով, սոցիալական փաթեթից օգտվողները բավականին շատ են: «Թեև դեռ հստակ թիվ չեմ կարող ասել, բայց բավականին ակտիվություն կա` դատելով անընդհատ հնչող զանգերից, ովքեր հետաքրքրվում են մանրամասներով, հարցեր են տալիս, բացի այդ` զբոսաշրջային օպերատորներն էլ են ծանրաբեռնված` պահանջարկը շատ է ու պետք է բավարարել»,- ասաց նախարարության պաշտոնյան:

Նա միաժամանակ նշեց, որ դինամիկան ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջությունը միջինը տարեկան 20 տոկոսով աճում է: «Նկատելի է միտումը, որ Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում անցկացնել իրենց հանգիստը»,- ասաց Մ. Ապրեսյանը` ընդգծելով, որ սոցիալական փաթեթը նույնպես խթան կհանդիսանա ներքին զբոսաշրջության համար:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց