«Հայաստանը Եվրոպայում» ֆորումը` Երևանում

10:16 04/07/2012 » Հասարակություն

«Հայաստանը Եվրոպայում» ֆորումը` Երևանում

Երևանում այսօր բացվեց «Հայաստանը Եվրոպայում» ֆորումը, որը կազմակերպել են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և Եվրոպական հետազոտությունների կենտրոնը: Բացման խոսքով հանդես եկավ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Նա նշեց, որ բարձր ակնկալիքներ ունի ֆորումից, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ներգրավվել քաղաքացիական հասարակության ուշադրությունը և մասնակցությունը Եվրոպայի հետ նոր հարաբերությունների կերտման գործում: «Հայաստանը Եվրոպային մոտեցնելը կիրականացվի, երբ այդ գործընթացը կընկալվի հասարակության լայն շերտերի կողմից և կստանա նրա աջակցությունը»,- ասաց նա, նշելով, որ քաղաքացիական հասարակությունը պետք է հետևողական լինի Հայաստանի իշխանությունների կողմից՝ բարեփոխումներ իրականացնելու հանձնարարության իրականացման մեջ: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և խորհրդարանականների հետ հանդիպմանը կքննարկի եվրոպական արժեհամակարգի վրա այդ բարեփոխումների արդյունավետության մասին, մասնավորապես՝ ժողովրդավարության ինստիտուտների կայունացման, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկ ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հարցերում:

«Անելիքները դեռ շատ են: Բայց որքան հզոր լինի բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը, այդքան ավելի շատ կարող եք ապավինել Եվրամիությանը», - ասաց նա:

Խոսելով ընտրությունների մասին, նա նշեց, որ գործընթացը կատարելագործելու համար որպես ուղեցույց պետք է հետևել ԵԱՀԿ ԺՄԻԿ զեկույցին և նշված դիտարկումներին: «Հուսով եմ, որ լուրջ դրական տեղաշարժեր կլինեն մինչև գալիք նախագահական ընտրությունները»,-նշեց նա:

ԵԽ նախագահի խոսքով՝քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվություն դրսևորի երեք գործառույթներում՝ պետք է մշտադիտարկի բարեփոխումները, պահանջի հաշվետվողականությունն ու մասնագիտանա: Նման գործունեությունը պետք է իրականացվի երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Հերման վան Ռոմպոյը խիստ կարևորեց ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացներում և նրանց խնդիրները՝ առավել լսելի դարձնելը: Նա նաև վստահեցրեց, որ Եվրամիությունը հավատարիմ է խոստումներին և ակտիվորեն կհամագործակցի պետական կառավարման բոլոր օղակների և հասարակական բոլոր նախաձեռնությունների հետ:

«Մենք կշարունակենք տրամադրել ֆինանսական աջակցությունը քաղհասարակությանը՝ իրական բարեփոխումների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության կայացման հարցերում»,- ասաց նա:

Ըստ վան Ռոմպեյի՝ քաղհասարկությունը պետք է նպաստի նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Առանց հասարակությունները ներգրավելու, բանակցությունները կարող են ձախողվել: Հասարակությունների միջև երկխոսությունը կարևոր է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում»,- նշեց նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց