ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցել

15:05 09/07/2012 » Հասարակություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում է 2012 թ. հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնությունը, որը դրսևորվել է առանձնակի ցինիզմով և հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով:

«Բռնությունը կատարվել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների և Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահների կողմից սպանված Վահե Ավետյանի մահվան յոթ օրվա հիշատակին նվիրված հասարակական ակցիայի ժամանակ:
Մենք բռնության այս դեպքը գնահատում ենք որպես ՀՀ քաղաքական ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից Վահե Ավետյանի և նրա ընկերների նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ոչ համարժեք գնահատականի հետևանք:

Այն է`

1. Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից բռնության փաստի վերաբերյալ քաղաքական գնահատական չտալը,
2. իրավապահ մարմինների կողմից բռնություն կատարած բոլոր անձանց չհայտնաբերելը:
Պահանջում ենք`

1. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից միջնորդությամբ դիմել Ազգային ժողովին Ռուբեն Հայրապետյանին ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:

2. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց