Հայաստանցի կանանց 53 տոկոսը ձգտում է պաշտպանվել անցանկալի հղիությունից
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այսօր Բնակչության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում անցկացրեց, որի շրջանակում «Հանուն ընտանիքի և առողջության» հկ տնօրեն Մերի Խաչիկյանը ներկայացրեց «Ինչով է պայմանավորված բեղմնականխման միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը: Այն անդրադառնում է նշված տարածաշրջանի յոթ երկրներում, այդ թվում և Հայաստանում 2011թ-ի վերջին իրականացված որակական հետազոտությանը, որի նպատակն էր պարզել բեղմնականխման ժամանակակից միջոցների նվազ օգտագործման պատճառները, ինչպես նաև տարածաշրջանում դրանց գործածության վրա ազդող հիմնական գործոնները:
Հետազոտության արդյունքների համաձայն, ժամանակակից միջոցների օգտագործման իմաստով ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Մեծ Բրիտանիայում, իսկ ամենացածրը՝ Ալբանիա, Մակեդոնիա, Բոսնիա և այլն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կանանց 53 տոկոսը ձգտում է պաշտպանվել անցանկալի հղիությունից, սակայն դիմում են ավանդական մեթոդների:
Պարզվել է, որ բոլոր այդ յոթ երկրներում կան վեց համընկնող գործոններ՝ սոցիլական նորմեր, գենդերային դերերի բաժանում և այլն: Կոնկրետ Հայաստանին բնորոշ է մինչամուսնական կուսության պահպանում, սեռական կյանք միայն ամուսնու հետ, առաջին հղիության չհետաձգում, ընտանիքում առնվազն մեկ տղա երեխա և այլն: Հայաստանում նկատվում է նաև բժիշկների պակաս գյուղական վայրերում, անբավարար գիտելիքներ, ապատեղեկատվություն:
Այս բոլոր երկրների մասով եզրակացությունն այն է, որ ժամանակակից միջոցները հասանելի չեն հասարակության լայն շերտերի համար:
Տիկին Խաչիկյանն ընդգծեց, որ այս հետազոտությունը կոնկրետ մեր երկրի համար նորություն ի հայտ բերեց այն իմաստով, որ համընդհանուր պատկեր առաջ քաշեց, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանային երկրներում: Եվ ըստ այդմ, համեմատության վրա հենվելով ճիշտ ռազմավարություն մշակել խնդրի վերաբերյալ:
Միջոցառման ավարտին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը պատվո անվանատախտակ հանձնեց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանին՝ Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի զարգացման մեջ ունեցած նշանակալի ներդրման և այդ ոլորտում երկարամյա արգասովոր համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ