Զեկույց. Հայաստանում քաղհասարակության կայունության բարելավում է գրանցվել
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամն այսօր ներկայացրեց Քաղաքացիական հասարակությունների կայունության ինդեքսի 15-րդ հրատարակությունը:
Նշենք, որ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսը(ՔՀԿ ԿԻ) վերլուծական մի գործիք է, որը չափում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի քաղաքացիական հասարակության սեկտորի առաջընթացը:
Ինդեքսը հետևում է քսանինը երկրներում վերջին տասնհինգ տարվա ընթացքում առկա` քաղաքացիական սեկտորի առաջընթացին: Ինդեքսը ուսումնասիրում է քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայրը` մասնավորապես իրավական միջավայրը, կազմակերպական կարողությունները, ֆինանսական կայունությունը, շահերի պաշտպանությունը, ծառայությունների մատուցումը, ենթակառուցվածքները և հանրային ընկալումը: Յուրաքանչյուր չափանիշ գնահատվում է յոթ նիշանոց սանդղակով, որտեղ 1–ը շատ առաջադեմ մակարդակն է նշանավորում, իսկ 7–ը` զարգացման ցածր մակարդակ: Ինդեքսը մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից` յուրաքանչյուր երկրում տեղական կազմակերպության հետ համագործակցությամբ: Ինդեքսը հետևում է ՔՀԿ սեկտորի առաջընթացին 29 երկներում՝ վերջին 15 տարիների ընթացքում:
Ըստ զեկույցի, որը ներկայացրեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փոխնախագահ Տաթևիկ Մարգարյանը, 2011թ.-ի ՔՀԿ ինդեքսով Հայաստանի ցուցանիշը 4,0 է, իրավական միջավայրը՝ 3,9, կազմակերպական կարողությունները՝ 3,9, ֆինանսական կայունությունը՝ 5,2, շահերի պաշտպանությունը՝ 3,4, ծառայությունների մատուցումը՝ 3,9, ենթակառուցվածքները՝ 3,5, իսկ հանրային ընկալման մակարդակը՝ 4,0:
«Հայաստանը քաղաքացիական հասարակության ինդեքսով բարելավում է գրանցել այս վերջին տարիների ընթացքում, և, ըստ այդ ցուցանիշների, լավագույն տեղերից մեկն է զբաղեցնում տարածաշրջանում», - ասաց Տ.Մարգարյանը, նշելով, որ ՔՀԿ սեկտորի կայունության փոփոխությունները արտացոլեցին ողջ աշխարհում առկա համընդհանուր բացասական տնտեսական իրավիճակը:
Զեկույցում նշված է, որ ՀՀ Արդարադատության նախարարության տվյալներով, 2011թ.-ին ՀՀ-ում գրանցված էին 3749 հասարակական կազմակերպություններ, 750 հիմնադրամ և 301 իրավաբանական անձանց միություն:
Իր հերթին ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման պատասխանատու Նիթ Սթոքսը իր հերթին նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ ջանքեր է գործադրում հետխորհդրային և նախկին սոցիալիստական երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման համար պայմանների ստեղծմանը, ինչը, նրա խոսքով շատ կարևոր գործոն է:
«ԱՄՆ ՄԶԳ-ն այդ նպատակով ստեղծեց տարբեր կազմակերպություններ, որոնք կոչված են նպաստելու տարբեր երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը, իսկ այս ինդեքսով մենք չափում ենք քաղաքացիական հասարակության զարգացվածության մակարդակը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Ուկրաինայում», -ասաց Նիթ Սթոքսը: Նա նաև շեշտեց, որ Հայաստանն ընդգրկվել է կայուն զարգացման երկրների սանդղակում:
Ավելի մանրամասն զեկույցի հետ կարելի է ծանոթանալ կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում