Հրապարակվել է գիտության ոլորտի ամենախորհրդավոր և հակասական երևույթների ցանկը

19:51 08/08/2012 » Հասարակություն

Հրապարակվել է գիտության ոլորտի ամենախորհրդավոր և հակասական երևույթների ցանկը

«New Scientist» միջազգային գիտական հանդեսը հրապարակել է գիտության ոլորտի ամենախորհրդավոր և հակասական երևույթների ցանկը, որոնց ի հայտ գալն ու բացահայտումն արդեն երկար ժամանակ հանգիստ չեն տալիս գիտնականներին` դառնալով բազմաթիվ բանավեճերի առիթ: Այս մասին տեղեկացվում է «Վզգլյադ» պարբերականը:

Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Պլացեբոյի էֆեկտը», երբ հիվանդին իրական դեղամիջոցի փոխարեն տալիս են այսպես կոչված «դատարկահաբ» և հիվանդն առողջանում է, միայն այն պատճառով, որ հավատացել է, թե ստացել է իր հիվանդության դարմանը:

Ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող առեղծվածը Մարս մոլորակի վրա կյանքի գոյության վերաբերյալ անսպառ վեճն է: Կարմիր մոլորակի վրա որոնումները սկսվել են 1976 թ.-ից ու մինչ օրս շարունակվում են: Օրերս դա պարզելու համար Մարս է ուղարկվել նաև Curiosity մարսագնացը:

Երրորդ` դեռևս անպատասխան երևույթը, Տիեզերքը պատող աներևյույթ մուգ մատերիան է: Ինչպես հայտնի է, տիեզերքի բոլոր գալակտիկաները պտտվում են մեկ կենտրոնի շուրջ: Սակայն, երբ գիտնականները հաշվել են գալակտիկաների ընդհանուր զանգվածը, պարզվել է, որ դրանք շատ թեթև են: Ֆիզիկայի օրենքներով` այս կառուսելը վաղուց պետք է կոտրվեր, սակայն չի կոտրվում: Պարզելու համար` ի՞նչ է կատարվում, գիտնականները հիպոթեզ են առաջ քաշել, համաձայն որի` տիեզերքում կա աներևույթ մուգ մատերիա: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում կամ ինչպե՞ս կարելի է «շոշափել» այն, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ դրա զանգվածը կազմում է տիեզերքի զանգվածի 90 %-ը:

Չորրորդ գիտական առեղծվածի «պատճառը» խորհրդավոր Սեդնա աստերոիդն է: Գիտնականները մինչ օրս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ` համարվո՞ւմ է արդյոք այն Արևային համակարգի 10-րդ մոլորակը:

Եվ վերջապես հինգերորդ երևույթը Աղեղնավորի համաստեղությունից ստացված ռադիոազդանշանն է: 1970-ականներն ԱՄՆ-ում առաջին անգամ մեկնարկեց տիեզերքում ռադիոազդանշաններ որսալու ծրագիրը: Արհեստական ծագման ազդանշաններ որոնելու նպատակով ռադիոդիտակը ուղղորդվում էր երկնակամարի տարբեր հատվածներ:

1977 թ. օգոստոսի 15-ին աստղագնաց Ջերի Էհմանի հերթապահության ժամանակ ռադիոդիտակի «ականջն» ընկած ամենը գրանցող ինքնագիրը ժապավենի վրա տպել է WOW հիշեցնող բառը: Ազդանշանը տևել է 37 վայրկյան: Այն եկել է Աղեղնավորի համաստեղության մոտակայքից, որտեղ ամենամոտ աստղը գտնվում է Երկրից 220 լուսային տարի հեռավորության վրա: Գիտնականները առ այսօր փորձում են պարզել այն հանգամանքը, թե արդյոք ազդանշանն արհեստակա՞ն էր, թե՞ իրական:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց