ՊՆ-ն բարձրակարգ ձևով կխրախուսի եռյակ ունեցած  զինվորականի ընտանիքին

17:31 08/08/2012 » Հասարակություն

ՊՆ-ն բարձրակարգ ձևով կխրախուսի եռյակ ունեցած զինվորականի ընտանիքին

Երեկ Panorama.am-ը լուր էր հրապարակել այն մասին, որ Շենգավիթ բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ երկու տղա, մեկ աղջիկ: Երեխաների հայրը ՀՀ ՊՆ համար N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Մնացականյանն է:

«Փաստինֆո» գործակալության թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ արտոնություններից կարող է օգտվել հայրենիքին երեք երեխա պարգևած զինվորականի ընտանիքը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: Ուստի փոխգնդապետ Հարություն Մնացականյանի ընտանիքը առաջին և երկրորդ երեխաների համար պետք է ստանա 50 հազարական դրամ, իսկ երրորդ երեխայի համար` 430 հազար դրամ: Գումարը ստանալու համար ընտանիքը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին, որտեղ էլ նրանց կտեղեկացնեն, թե ինչ ժամանակահատվածում ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն և երբ կարող են ստանալ միանվագ նպաստը:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ հատուկ օրենք, որը կպարտավորեցնի ՊՆ-ին ինչ-որ գումար հատկացնել եռյակ երեխա ունեցող զինվորականի ընտանիքին, չկա, բայց որոշակի արտոնություններ կտրվեն. «Երեխաների հայրը կարող է օգտվել օրինակ բնակարանի հերթագրման որոշակի առաջմղման արտոնությունից կամ ծառայողական որոշակի արտոնություններից… Ճիշտ է հատուկ օրենք չկա, բայց պաշտպանության նախարարն իր կողմից որոշակի օգնություն կհատկացնի զինվորականի ընտանիքին: Մենք մեր զինծառայողին նման դեպքերում բարձրակարգ ձևով ենք խրախուսում, քանի որ նա հայրենիքին երեք երեխա է պարգևել»,- նշել է ՊՆ խոսնակը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց