Մահացել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանը
Այսօր մահացել է Ճարտարապետների միության անդամ, ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Արծվին Գրիգորյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ա. Գրիգորյանը ծնվել է 1935 թվականին: 1952-1958թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: Նա եղել է ճարտարապետների միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր:
Ա. Գրիգորյանը տարբեր տարիներին եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար, Երևանի քաղխորհրդի պատգամավոր, 1981-91 ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և այլն:
Մ. Մինասյանն ասաց, որ նա եղել է Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագծողը, Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագծի հեղինակը, Այղը լիճի առափնյա զբոսայգու նախագծողը, Երևանի ճարտարապետական և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր սխեմայի նախագծողը: Ավելի քան 150 գիտական հոդվածների հեղինակ է: «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը», «Խաչքարեր», «Ալեքսանդր Թամանյան», «Արվեստը դուրս է ելնում փողոցներ»/1976-1980/ վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ:
Ա. Գրիգորյանն ունի նաև գեղանկար աշխատանքներ, որոնք ցուցադրվել են տարբեր երկրներում, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում: