Վ. Սարգսյանի խորհուրդները. «Դուք պարտավոր եք լինել խնդիր լուծող, դուք իրավունք չունեք խնդիրը բարդել ուրիշի վրա» (տեսանյութ)
«Դիպլոմների հանձնման արարողությունը հաճախ համարում են ավարտական միջոցառում: Նրանք, ովքեր դիպլոմներ են ստացել տաս և ավելի տարի առաջ, հստակ պատկերացնում են, որ դա բացարձակ ավարտական միջոցառում չէ, դա սկզբի միջոցառում է»,- այսօր, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի 19-ամյակի ու միևնույն ժամանակ շրջանավարտներին դիպլոմների հանձնման միջոցառման ժամանակ ելույթ ունենալով, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը:
Նա մի քանի խորհուրդ տվեց շրջանավարտներին, թե ինչպես կարող են նրանք կազմակերպել իրենց գործունեությունը պետական կառավարման համակարգում, ինչպես նաև ընդգծելով, որ պետական համակարգում «ծառայությունն առանձնանում է աշխատանքից նրանով, որ այն չունի աշխատանքային ժամեր: Դու ծառայության մեջ ես մշտապես` և´ տանը, և´ ընտանիքում, և´ հանգստի ժամանակ: Դուք կրում եք պատասխանատվություն ոչ միայն ձեր և ձեր ընտանիքի, այլև պետության համար, հետևաբար պետք է շատ զգոն և ուշադիր լինեք»,- ընդգծեց նա:
«Դուք պարտավոր եք լինել խնդիր լուծող, դուք իրավունք չունեք խնդիրը բարդել ուրիշի վրա, իրավունք չունեք հրաժարվել խնդրի լուծումից, որովհետև ձեզնից հասարակությունը դա է ակնկալելու և միայն դա»,- հավելեց. Վ. Սարգսյանը:
Նա կոչ արեց միշտ լինել նախաձեռնող և ամեն օր ինքնակատարելագործվել` մշտապես զարգացնելով գիտելիքներն ու հմտությունները:
«Մի´ վախեցեք սխալվելուց, քննարկման ժամանակ անհեթեթ թվացող միտք արտահայտելուց, ձեր վրա պատասխանառտվություն վերցնելուց, ծանր աշխատանք կատարելուց և չգնահատված լինելուց»,- հավելեց բանախոսը, այնուհետև անդրադառնալով հանրային ծառայողի էթիկայի խնդիրներին, նշեց. «Ձեր էթիկայի ամենաբարձր հսկիչն ու ամենաբարձր շեմը հենց ձեր խիղճն է: Եթե ունեք տատանում` հանդիսանո՞ւմ է արդյոք այս կամ այն քայլը էթիկայի խախտում, թե` ոչ, վստահորեն զերծ մնացեք այդ քայլից»:
«Հիշե´ք, որ ոչ մի ընդդիմախոսություն կամ քննադատություն չպետք է ձեզ հիասթափեցնի, ավելին, որպես պետական պաշտոնյաներ, դուք իրավունք չեք ունենալու դրանց թշնամանքով պատասխանելու»,- նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Նախորդիվ` Կառավարման ակադեմիան 19 տարեկան է (տեսանյութ, լուսանկարներ)