Ժամանակակից գրողները մտահոգ են. «Դասական ուղղվածության գրականությունը չի խրախուսվում»
«Այսօր երիտասարդները մոտ են կանգնած գրական գործընթացներին, օգնում են գրողներին, նաև սպառող են»,- ասուլիսում նման դիտարկում արեց ժամանակակից գրող Գոռ Հարությունյանը:
Ըստ նրա, գրողի և ընթերցողի միջև այսօր այլևս պատնեշ չկա, իսկ գիրք գնողն ընթերցողն է. «Ով չի ընթերցում, միջոց չի տրամադրում գիրք գնելու համար, քանի որ դա մոդա չէ, իսկ անհրաժեշտություն է նրա համար, ով, իրոք, ընթերցող է»:
Ըստ նրա, պոեզիան, չափածո խոսքը քչերին է հետաքրքրում, որովհետև սյուժետային գծերը քիչ են, բովանդակությունը ենթատեքստերում է ի հայտ գալիս, կոնտեքստի մեջ այնքան էլ պարզ չէ, թե ինչ է ուզում ասել հեղինակը, քան արձակում»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:
Ըստ նրա, այսօր գրականությունն ունի խնդիրներ, օրինակ՝ լեզվի, գրականության խոսքը քաոտիկ վիճակում է:
«Ազգային գրականություն քիչ ենք ստեղծում, որովհետև գնացել ենք կոսմոպոլիտացման մի շրջան»,- ասաց գրողը:
Ժամանակակից գրող Դավիթ Ասատրյանն էլ ասաց, որ այն ուժերը, ովքեր աշխարհում փորձում էին խարխլել ամեն բան, արեցին նաև գրականության մեջ. «Դասական ուղղվածության գրականությունը չի խրախուսվում»:
Ըստ նրա, նույնիսկ հրատարակիչներ կան, ովքեր ասում են՝ գնացեք գողականի մասին գրեք կամ ձեր ստեղծագործություններում թող պոռնոգրաֆիայի մասին լինի, որ հրատարակեն:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ անկախությունից հետո չեն ստեղծվել մեծամասշտաբ գրական ստեղծագործություններ, որոնք կանդրադառնային 1988 թ. երկրաշարժին, ղարաբաղյան պատերազմին, Դ. Ասատրյանն ասաց, որ արվեստի հիմքում դրվում են մարսված զգացողությունները:
«Երբ ինչ որ դժբախտություն է լինում, մարդ սկզբնական շրջանում խելագարության մեջ է գտնվում: Երբ կարողանա դուրս գալ այդ խելագար վիճակից, մարսի այդ դժբախտությունը, նոր կարող է անդրադառնալ այդ իրադարձությանը»,- ասաց գրողը:
Գոռ Հովհաննիսյանն էլ նշեց, որ այդ օրվա հերոսների թոռները, ծոռները կգրեն նրանց մասին: