Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանին
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահիր Կալետին, հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների ջերմ ու բարեկամական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դեսպանի ջանքերով առկա համագործակցությունն առավել կընդլայնվի` ներգրավելով գործակցության տարբեր ոլորտներ:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը և Իրաքի դեսպանը խոսել են Իրաքի հայ համայնքային ու թեմական կյանքի մասին, մասնավոր անդրադարձ է կատարվել միջկրոնական երկխոսության կարևորությանը:
Իր հերթին ՀՀ-ում Իրաքի դեսպան Ղազի Տահիր Կալետը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց Իրաքի և Հայաստանի միջև առկա կապերի զորացմանն ուղղված քայլերը` կարևորելով երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: