Երիտասարդական հիմնադրամները համագործակցում են
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ստորագրել են երկու կառույցների միջև երիտասարդական ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ՀԵՀ-ը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ (Netherlands Institute for Multiparty Democracy), և այսօր արդեն համագործակցության հիմք է դրվում Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի հետ։
Ըստ Կարեն Ավագյանի՝ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է կողմերի լայն համագործակցություն երիտասարդական քաղաքականության, կրթության, գիտության, մշակույթի, զբաղվածության, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է նաև, որ համագործակցության առաջին քայլերն արդեն արված են. կողմերը հունիսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնեն Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որին կմասնակցի շուրջ 150 երիտասարդ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։ Նա ընդգծել է, որ Եվրասիական երիտասարդական համաժողովը լինելու է ապակուսակցական, և կարող են մասնակցել տարբեր քաղաքական ուժերի 18-35 տարեկան երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և կկարողանան լիարժեք մասնակցություն ապահովել, այդ թվում նաև՝ տարբեր մրցույթների։
Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի հիմնական խնդիրն է համագործակցությունն ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրների և Վրաստանի միջև հասարակական-քաղաքական, հումանիտար և այլ ոլորտներում։ Խոսելով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի մասին՝ պարոն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այն անցկացվում է նաև «Ռիա Նովոստիի», ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետդումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ։ Քննարկվելիք թեմաներն են՝ «Երիտասարդ լրագրողներ», «Երիտասարդ քաղաքական գործիչներ», «Եվրասիական անվտանգություն»։
Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի ընթացքում դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին