ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է
Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց Դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց Դրախտից:
Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. ԻԶ 47-ԻԷ 56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
Արարատյան հայրապետական պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ա այսօր առավոտյան կատարվում է ժամերգություն և Խաչելության կարգ (սկիզբը ժ. 11.00-ին), ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը:
Երեկոյան կատարվում է Թաղման կարգ՝ հանդիսավոր թափորով (սկիզբը` ժ. 17.00-ին), որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում