Գրադարան` բաց երկնքի տակ, մարդիկ` գրքերի փոխարեն
Գրադարան` բաց երկնքի տակ, մարդիկ` գրքերի փոխարեն. այսօր Երևանում գրքերը «կխոսեն» ու կպատմեն իրենց պատմությունները:
Ժամը 14:00-18:00-ը «Կենդանի գրադարան» նախաձեռնությունը Կոմիտասի պուրակում կներկայացնի գիրք-մարդկանց` իրական պատմություններով։
«Մեր «գրքերը» բազմազան են՝ տեղահանված սիրիահայ, հեթանոս, բուսակեր, կլինիկական մահ ապրած մարդ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, երևանյան հայտնի կերպար չմուշկներով Լևոնը, հնդիկ ուսանող, հաշմանդամություն ունեցող… մարդիկ, ովքեր մեր հասարակության անդամ են, հետաքրքրություն կա իրենց նկատմամբ, լավ ծանոթ չենք իրենց»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի ղեկավար Անուշ Հայրապետյանը:
Ընթերցանությունը տեղի է ունենալու զրույցի տեսքով։ Մասնակիցները տալու են իրենց հարցերը և լսելու են «գրքերի» պատմությունները:
Նրա խոսքով, նախաձեռնության նպատակն է երկխոսության հնարավորություն ստեղծել հասարակության և այն մարդկանց միջև, որոնց կենսակերպը կամ կյանքի պատմությունը առանձնանում է, խոսել կարծրատիպերի մասին, ձերբազատվել դրանցից, խրախուսել փոխհասկացվածությունը։
Միջոցառման կազմակերպիչը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն, այն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում՝ CАUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի հետ համատեղ։