Վարչապետը Բյուզանդի բնակիչներին վստահեցրել է, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոստացվածի համաձայն, ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծել, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց: Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը բնակիչներին հանդիպել խոստացել էր երեկ, երբ հանրային գերակա շահի անվան տակ սեփական բնակարաններից վտարված բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀԿ գրասենյակի դիմաց, ԳՄ նիստի ժամանակ: