36 համայնք պատրաստվում է ղեկավար ընտրել
Հայաստանի մի շարք համայնքներ պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների: Մասնավորապես, հունիսի 8-ին 36 համայնք ընտրելու է համայնքի ղեկավար, այդ թվում և Գորիսն ու Ջերմուկը, իսկ 30 համայնքում տեղի կունենան նաև ավագանու անդամների ընտրություններ: Կան համայնքներ, որտեղ տեղի կունենան և’ համայնքի ղեկավարի, և’ ավագանու անդամի ընտրություններ:
Բազմաթիվ համայնքներում պայքար է գնալու վերընտրման համար: Այսպես, Գեղարքունիք մարզի Արտանիշ համայնքը 1992թ-ից առ այսօր ղեկավարող Կարեն Շուշանյանը պատրաստվում է հերթական անգամ առաջադրվել:
Ինչ վերաբերում է համայնքի կին ղեկավարներին, ապա ընդամենը երկու համայնք է, որ կանայք են ղեկավարում և որտեղ կայանալու են ընտրություններ: Սակայն միայն մեկ կին համայնքապետ է հստակ ընտրապայքարի պատրաստվում` Գեղարքունիք մարզի Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գևորգյանը: Վերջինս համայնքը ղեկավարում է 1996թ-ից, Panorama.am-ի հետ զրույցում էլ ասաց, որ չէր առաջադրվի, եթե բոլոր գործերն ու ծրագրերը ավարտին հասցրած լիներ: Բացի այս, նա նաև հիմք է ընդունում համագյուղացիների վստահությունն իր անձի նկատմամբ, այնպես որ առաջադրվելու մասով երբևէ կասկած չի ունեցել:
Իսկ ահա նույն մարզի Ծափաթաղ համայնքի ղեկավար Թագուհի Բոյախչյանը թեև կասկածներ ունի և այս պահին դեռ հստակ որոշում չի կայացրել, սակայն իր հետ զրույցից հասկացանք, որ հավանաբար տիկին Բոյախչյանը ընտրապայքարի մեջ չի մտնի: Նա միայն ասաց, որ որոշումը կկայացնի ամսվա վերջ և ավելին այս պահին ասել ուղղակի չի կարող:
Հիշեցնենք, այս տարվա առաջին ՏԻՄ ընտրությունները կայացել են մեկ ամիս առաջ, դրանց արդյունքներով միայն մեկ կին համայնքապետ էր ընտրվել: