Քեսաբում ավելի շատ ալևիներն էին թիրախը, քան հայերը. Տ.Լոքմագյոզյան
«Եթե Թուրքիան ընդունի հայոց ցեղասպանությունը, ապա ստացվելու է, որ իրենք ցեղասպանակիր պետություն են և թուրք ժողովուրդը ցեղասպանության մասնակցած ժողովուրդ է: Բայց ամենակարևոր գործոններից մեկը նա է, որ Թուրքիան թե հայոց ցեղասպանության միջոցով, թե հույների վտարման միջոցով ձեռք բերեց իրենց ահռելի ունեցվածքը` Օսմանյան կայսրությունում ամենահարուստ տարրը հայերն ու հույներն էին և ցեղասպանության միջոցով այդ ամբողջ ունեցվածքը, հողերը, նյութական հարստությունն անցավ թուրքերին ու քրդերի ձեռքը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:
Նրա խոսքով, թե թուրք պետությունը և թե թուրք ժողովուրդն այսօր չի ուզում ընդունել հայոց ցեղասպանության փաստը, քանի որ կա այդ հարստությանը տիրանալու խնդիրը և հենց այդ պատճառով էլ դժվար է իրենց համար` եթե Թուրքիան ընդունի հայոց ցեղասպանությունը, ապա պետք է լինի հողերի և հայերի նյութական հարստության վերադարձ:
Անդրադառնալով Քեսաբի դեպքերին Տ. Լոքմագյոզյանը նշեց, որ չի կարող դա որակել իբրև ցեղասպանության շարունակություն, այն էլ ապրիլի 24-ին ընդառաջ, սակայն անշուշտ այստեղ խոսքը հերթական ոտնձգության մասին է ուրիշների և այդ թվում և հայերի նկատմամբ. «Քեսաբում ոչ միայն հայեր են, այլև ալևիներն են և կարծում եմ, որ հենց նրանք են այդ խմբավորումների գլխավոր թիրախը: Սակայն ամեն դեպքում թուրքական քաղաքականության շարունակությունն ենք տեսնում Քեսաբում»:
Ասուլիսի մյուս բանախոսն էլ` «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը չպետք է անտեսի իրավական ճանապարհով հայոց ցեղասպանության ճանաչման առաջ տանելը և չբացառել նաև դատական ճանապարհը. «Արխիվային բազմաթիվ փաստեր գոյություն ունեն, որոնք վկայում են, որ իրականում ցեղասպանություն է կատարվել, Թուրքիայի կողմից մանրակրկիտ մշակված ու ծրագրված ոճիր է եղել»:
Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը շուտով հանդես կգա մի նախաձեռնությամբ, ուղղված ՀՀ պետական այրերին, խնդիրը իրավական հարթության մեջ դիտարկելու անհրաժեշտության հորդորով: