«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով». Թաթուլ Կրպեյանը կդառնար 49 տարեկան
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»,- ասում էր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը:
Երևանի պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Թաթուլը 1990 թվականի նոր ուսումնական տարին բուհում չի սկսում: Սեպտեմբերին նա համալսարան գնալու փոխարեն մեկնում է Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ:
Զինված ջոկատը ղեկավարելուն զուգահեռ, Գետաշենի երկու դպրոցներում հայ ժողովրդի պատմությունն և աշխարհագրություն էր դասավանդում:
Թաթուլ Կրպեյանը Գետաշենի դպրոցում աշակերտների հետ Ամանորյա ցերեկույթի ժամանակ (1990 թ. դեկտեմբերի 31)
Թաթուլ Կրպեյանի մարտական ընկեր, ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը հերոսին այսպես է հիշում. «Թաթուլը անքուն հսկում էր Գետաշենը ու դրան զուգահեռ հասցնում էր ուսուցչություն անել»:
1990թ. սեպտեմբեր-1991թ. ապրիլը Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն էր:
Այսօր Թաթուլ Կրպեյանը կդառնար 49 տարեկան: Հերոսը ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին Արագածոտնի մարզի Արեգ գյուղում`այժմ Թաթուլ:
1987- 1990 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, միաժամանակ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր:
Եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը:
1987 թ. Հոկտեմբերի 17-ին մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ տեղի ունեցած առաջին ուսանողական ցույցի կազմակերպիչներից էր: Ցույցը ցրած ՊԱԿ-ի աշխատակիցները երկար ժամանակ հետևում և հսկողության տակ էին նրան պահում:
Թաթուլ Կրպեյանը տիկնոջ` Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հետ
Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ, 1990թ. փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը` Ասպրամը:
Ասպրամ Կրպեյանը մեկ տարեկան է եղել, երբ հայրը զոհվել է, բայց հոր ներկայությունը միշտ զգացել է: Անունը հայրն է դրել:
Ասպրամը հորից մի նվեր ունի: Առաջին տարեդարձին հոր նվերը Գետաշենից է հասել. «Կենաց-մահու պայքար էր գնում, հայրս Գետաշենում էր: Դժվար էր մեկ տարեկան երեխայի նվեր գտնել, բայց իր զինակից ընկերոջ` Արթուր Կարապետյանի միջոցով ինձ մի տիկնիկ է ուղարկել, որը մասունքի նման պահպանում եմ: Ես հորիցս, ցավոք, միայն այդ նվերն ունեմ` Գետաշենից ուղարկված տիկնիկը»:
1990 թ. ապրիլի 30-ին «Օղակ» ռազմագործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 14 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին, Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» («Կոլցո») ռազմական գործողության պայմանականչերով պլանը:
Թաթուլը զոհվել է 1991 թ. ապրիլի 30-ին Գետաշենում` բանակցությունների ժամանակ:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցը
1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար Թաթուլ Կրպեյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչման և պարգևատրվել «Հայրենիք»-ի շքանշանով: