«Ինչո՞ւ պետք է ինստիտուտներն իրենց քրտինքով աշխատած գումարները տան պետությանը». Նախագահը կդիմի կառավարությանը
«Ինստիտուտները ՊՈԱԿ-ներ են, ՊՈԱԿ-ը պետական կազմակերպություն է, ուրեմն ձեր ունեցած-չունեցածը պետական է, բարի եղեք, կատարեք»,- այսպես են պատասխանել էկոնոմիկայի նախարարությունից այն հարցին, թե ինչո՞ւ պետք է ԳԱԱ ինստիտուտների արտաբյուջետային գումարները ծախսվեն համաձայն «Պետական գնումների մասին» օրենքի: Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայում ԳԱԱ տարեկան ժողովում ունեցած ելույթի ժամանակ իրենց հարցն ու էկոնոմիկայի նախարարության պատասխանը ներկայացրեց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Նա նշեց, որ նման հրահանգ ստացել են 2012 թվականից:
Ա. Սաղաթելյանի խոսքով, Հայաստանում գիտնականները բավականին շատ գումար են բերում դրսից, ինչի արդյունքում կարողանում են ժամանակակից մակարդակով լայնածավալ հետազոտություններ անցկացնել: Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ըստ նրա, նաև դրամաշնորհներ է ստանում:
«Սակայն կա լուրջ խնդիր. 2012 թվականից արտաբյուջետային գումարները պետք է ծախսվեն համաձայն «Պետական գնումների մասին» օրենքի, ինչի արդյունքում իրենք արհեստականորեն խաղից դուրս են մնում, շուկայում դառնում են ոչ մրցունակ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Նրա ներկայացմամբ, «Պետական գնումների մասին» օրենքով աշխատելը բարդացնում է իրենց գործը, երկար ժամանակ է պահանջում, քանի որ պետք է հայտարարվի մրցույթ, որոշ ժամանակ հետո ամփոփվեն մրցույթի արդյունքները, իսկ պատվիրատուները չեն ցանկանում այդքան երկար սպասել: Կան այլ խնդիրներ ևս:
«Պարտադրումը գիտական հետազոտական ինստիտուտներին ծախսել իրենց արտաբյուջետային գումարները «Պետական գնումների մասին» օրենքի համաձայն, ստեղծում է մի վիճակ, երբ խոսել ինովացիոն գործունեություն ծավալելու, գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու մասին, անիմաստ են»,- ասաց Արմեն Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ արտաբյուջետային գումարների հաշվին իրենք կարողանում են վերանոգորել իրենց շենքերը, արդիականացնել տեխնիկան, պահպանել թանկարժեք սարքավորումները. «Մի քանի տարի պետք է կուտակենք գումար որևէ տեխնիկա գնելու կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, սակայն ֆիսկալ մարմիններն ասում են, որ չբաշխված շահույթի 20 տոկոսը պետք է վճարեք»:
Այնուհետև Ա. Սաղաթելյանը խնդրանքով դիմեց ժողովին ներկա երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին. «Մենք արտաբյուջետային գումարներն աշխատում ենք մեր քրտինքով, վարչարարական կարգով թողեք այդ գումարները ինստիտուտների տրամադրության տակ, որպեսզի կարողանանք շնչել, հակառակ դեպքում մենք շուկայից դուրս ենք մնում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ կդմի կառավարությանը՝ վերանայելու այդ հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ