Թուրքիան պետք է հետևի Գերմանիային. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին, ովքեր Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Աննա Բաբայանի ուղեկցությամբ ժամանել են Հայաստան: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Հրանուշ Հակոբյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան և մասնավորապես սփյուռքի նախարարություն: Հյուրերին ներկայացվել է ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, գործունեության հիմնական ուղղությունները, հյուրերը դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ:
Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Գերմանիայի խոշոր քաղաքներում մենք ունենք հայկական մեծ Սփյուռք, որը օտար միջավայրում կարողանում է ոչ միայն պահպանել հայ մշակույթը, լեզուն և ինքնությունը, այլև լինել Գերմանիայի օրինակելի քաղաքացիներ և նպաստել հայ-գերմանական բարեկամության ամրապնդմանը, և այսօրվա այցը դրա վառ վկայությունն է:
Ռեգենսբուրգի համալսարանի պրոֆեսորները և ուսանողների խնդրանքով Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում սփյուռքյան կառույցների ներգրավվածության, իրականացվող աշխատանքների մասին: Որպես ցեղասպանության ճանաչման ընդունելի օրինակ՝ շեշտվել է, որ Թուրքիան պետք է հետևի Գերմանիային, որը ճանաչելով հրեաների հոլոքոստը, ներողություն է խնդրել հրեա ժողովրդից: Հրանուշ Հակոբյանը կոչ է արել հյուրերին մասնակցել դեպի Ծիծեռնակաբերդ քայլերթին, ինչը ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրում է անմեղ զոհերի հիշատակի խնկարկման և դարասկզբի խոշորագույն ցեղասպանության ճանաչման վրա:
Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը պատասխանել է հյուրերի հարցերին և նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված գրքեր:
Հրանուշ Հակոբյանը Աննա Բաբայանին հանձնել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության Մայրենիի պաշտպան անվանակարգում արժանացած մրցանակը: