Անդրանիկ Իսպիրյան. Քրդերի համար գաղտիք չէ, որ իրենք ապրում են հայկական տարածքներում
Քրդական վերնախավը ձգտում է տարանջատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի պահանջատիրության հարցերը: Անդրադառնալով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընկալման խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Քրդերի համար գաղտիք չէ, որ իրենք ապրում են հայկական տարածքներում: Այդ մասին անգամ բարձրաձայնում են հենց բազմաթիվ քուրդ գործիչներ ու մտավորականներ»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը:
Այս համատեքստում բանախոսը մեջբերեց քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Սըրրը Սուրեյա Օնդերի այն հայտարարությունը, թե անբարոյական է ասել, թե պետք չէ ճանաչել Ցեղասպանութունը միայն այն բանի համար, որ հայերը կարող են փոխհատուցում պահանջել:
Այնուամենայնիվ, ըստ թուրքագետի, մասնավոր զրույցներում քրդական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները իհարկե ընդունում են հայության պահանջատիրության հիմքերը, սակայն նրանց մղումները հայերին` պապերի հայրենիք վերադառնալու և պապական տները վերադարձնելու կոչերից այն կողմ չեն անցնում:
«Երբ հերթը հասնի ինչ-որ բան զիջելուն, ամեն ինչ կտրուկ փոխվելու է: Նույն քուրդ բնակչությունը ընդունում է Ցեղասպանության իրողությունը: Սակայն ես անձամբ առիթ եմ ունեցել լինել ներկայումս քրդերով բնակեցված նախկին հայկական գյուղերում: Տեղի բնակչությունը սարսափում է, երբ հայ են տեսում, մտածում են, որ հայերը եկել են հետ վերցնեն իրենց տներն ու ունեցվածքը: Նրանք վախենում են: Գուցե որոշ քրդեր և նրանց նախնիները չեն սպանել, սակայն նրանք տիրացել են հայերի ունեցվածքին»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը: