Միջոցառումներ Լոռու և Վայոց Ձորի մարզպետարաններում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
Այսօր ժամը 19.30-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն հարակից հրապարակից կմեկնարկի ջահերով քայլերթ դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքարերի պուրակ՝ Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման և ի հավաստումն հայ ժողովրդի հավերժության և նրա անկախ պետականության: Իսկ ապրիլի 24-ին, ժամը 10.00-ին, Վանաձորի Հայքի հրապարակից կմեկնարկի Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված՝ անմեղ զոհերի ոգեկոչման երթ՝ դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքարերի պուրակ: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվելու նաև Վայոց Ձորի մարզում: Այսօր ջահերով ավանդական երթ տեղի կունենա Եղեգնաձորի ամֆիթատրոնից դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Վայոց Ձորի մարզպետարանի լրատվական ծառայության տեղեկացմամբ, ապրիլի 24-ին մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում կկազմակերպվեն երթ-պսակադրություններ՝ ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակը հավերժող հուշակոթողներին: Մարզի գործող եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ ի խնկարկումն ու ի հիշատակ նահատակների անթաղ կամ վերջին հանգրվանը գտած շիրիմների և նրանց հոգու հանգստության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ