ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը չի նվազել, խայտառակ վիճակ է. Ն.Զոհրաբյան
«Չկա աշխարհում մի երկիր, որտեղ տուգանքները լինեն այդքան անհամաչափ, որքան ՀՀ քաղաքացիների եկամուտների հետ համեմատականում: Պաշտոնական վիճակագրության համաձայն` մեկ միլիոն մարդ այսօր ապրում է աղքատության սահմանագծի վրա, էլ չեմ խոսում, թե որքանն է ապրում այդ սահմանագշից ներքև: Այնպես որ 30 հազար տուգանքը չի կարող լինել համաչափ….. բայց ես նաև ասեմ, որ եթե մեծ զոհաբերությամբ այդ տուգանքը դառնա 25 հազար դա էլ խնդրի լուծում չի»,- «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նաև ավելացրեց. «ոնց պտտվում եմ, բացի նրանից, որ ինչ -որ մի ընկերություն պետք է գերշահույթ ստանա ոչ մի այլ բան մտքիս չի գալիս»:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց` մտածել եք, թե ինչպես է քառասուն հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը վճարելու, օրինակ, երեսուն հազար դրամ տուգանք. «Եթե տուգանքները համաչափ են, ապա ինչու է Հրայր Թովմասյանը հայտարարում, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և խնդիրը ուսումնասիրվո՞ւմ է: Դուք ասում եք համաչափ է, ես էլ ասում եմ` խելագարության հասնող անհամաչափ է»:
Անդրադառնալով այն խնդրին, որ անընդհատ բարձրաձայնվում է, թե «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն մեծ ներդրումներ է կատարել, շատ աշխատանք է տարել և այլն, Ն.Զոհրաբյանը ծիծաղելի համարեց նման խոսակցությունները և ավելացրեց, թե կառաջարկի իր գործընկերներին փոփոխություն կատարել պարգևների մասին օրենքում և «անձնազոհության մեդալ տալ այդ կազմակերպությանը». «Գերշահույթներ են ապահովվում, ինչի՞ մասին է խոսքը»:
Հակադարձեց նաև ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի այն հայտարարությանը, թե արագաչափ սարքերի ու տեսախցիկների շնորհիվ նվազել են մահվան ելքով վթարները. «ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը չի նվազել, խայտառակ վիճակ է»,- ընդգծեց նա:
Ն.Զոհրաբյանն ասաց նաև, որ եթե այս լսումների արդյունքում լրջագույն փոփոխություններ չարվեն, ապա կստացվի, որ սա հերթական «գալոչկայի» համար հրավիրված լսումներ էին:
Նախորդիվ`
Լսումներ առանց ավելորդ հարցերի. Ի՞նչ խնդիրներ ունենք ճանապարհներին
Որքանով են համաչափ տուգանքները ՀՀ քաղաքացիների եկամուտներին. Հարց փոխոստիկանապետին