Թուրքիայի մարդու իրավունքների ասոցացիան կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի մարդու իրավունքների ասոցացիան հայտարարություն է տարածել, որում Թուրքիային կոչ է արել վերջ տալ Հայոց Ցեղասպանության ժխտողականություն քաղաքականությանը և ճանաչել մարդկության դեմ հանցագործությունը, որն իրականացվել էր հարյուր տարի առաջ: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Հայտարարությունը վերնագրված է «Հայոց ցեղասպանության մեկ հարյուրամյակին ընդառաջ. Բավարար է, դադարեցրեք ժխտողականությունը»: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին մոտավորապես 2 մլն հայ էր ապրում Օսմանյան կայսրության 2,925 բնակավայրերում: Նրանք ունեին 1,996 դպրոց` 173,000 աշակերտներով, 2,538 եկեղեցի և վանք:
Ցեղասպանությունը վերջ դրեց այս համայնքներին: Բնակիչների ոչնչացումից հետ գյուղերում և հարևան շրջաններում այլևս հայեր չկային: Այժմ Թուրքիայում բնակվող հայերը, մոտ 60.000 հազար, ապրում են երեք մեծ քաղաքներում` մեծամասամբ Ստամբուլում: Պետությունը ոչ միայն ոչնչացրել է հայերին, այլև ջնջել նրանց հետքերը: Դուք չեք գտնի հայի մասունք այն վայրերում, որոնք մի ժամանակ հայկական էին:
Ցեղասպանությունը ոչ միայն անասելի վայրագություն է, զանգվածային սպանություններ, գետերում դիերի կույտ, մարդկային մարմիններով լի դաշտեր: Ցեղասպանությունը նաև հսկայական կողոպուտ է:
Հեռուստաալիքներով, «հեղինակավոր» գիտնականների ու ինտելեկտուալների այդ ամոթալի ժխտումը օրինականացնում և արդարացնում է Ցեղասպանությունը: Նրանք խրախուսվում են նրանով, որ Թուրքիայի հանրության մեծ մասը պատրաստ է հավատալ նրանց: Ժխտումը նշանակում է վիրավորել զոհերին, նրանց հիշատակը և նրանց ժառանգներին: Ժխտումը նշանակում է քրեականացնել և չհատուցել զոհերի ժառանգներին: Ժխտումը նշանակում է Ցեղասպանության` մարդկության դեմ մեծագույն հանցագործության շարունակություն: Ամենավատն այն է, որ դա նշանակում է մի հասարակության ստեղծում և հաղթանակ, որն ընտրել է դիտորդ լինելն ու լուռ մնալը:
Մենք` մարդու իրավունքի պաշտպաններս, պնդում ենք, որ Ցեղասպանությունը չպետք է իջնի քաղաքական և դիվանագիտական բանակցությունների օրակարգից: Այն չի կարող մոռացվել և չպետք է երբեք մոռացվի: Ժխտողականությունը մարդու իրավունքների ոտնահարման ամենահամապարփակ, ամենաարդյունավետ և ամենատարածված ձևն է:
Թուրքիան պետք է լսի և արձագանքի հայերի այդ պահանջներին, խնդրանքներին ու ցանկություններին, հայերի, ովքեր տարհանվել են իրենց հայրենի հողից և սփռվել ողջ աշխարհով մեկ` տառապելով և շարունակելով տառապել Ցեղասպանության ու դրա ժխտման պատճառով:
Ուստի մենք, Ցեղասպանության 99-րդ տարելիցին, օրվա նույն ժամին ողջ երկրում տեղակայված Մարդու իրավունքների ասոցիացիայի մասնաճյուղերից և ներկայացուցչություններից բարձրացնում ենք մեր պահանջը»: