Հիշատակի միջոցառումներ Բրյուսելում ու Վիետնամում
Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում այսօր մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի: Հոգևոր արարողությանը հաջորդել է բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքն են հղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդԶատիկ վարդապետ Ավետիքյանը և Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահՄիշել Մամուրյանը:
ԱԳՆ-ի հաղորդմամբ, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ:
Ծաղկեպսակներ են տեղադրվել Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից: Իսկ ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Նույն օրը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ևս տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են տեղադրել Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ, ելույթով հանդես է եկել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը:
Վերջինս ելույթում ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար և կարևորել քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում: