Չենգիզ Աքթար. Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պատերազմում
Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պատերազմում» խորագրով հոդված է տպագրել «Ալջազիրա» պարբերականում:
Թուրք հեղինակը հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություննրին, և որպես վերջինիս առկախման հիմնապատճառ համարել ադրբեջանական գործոնը:
«Ադրբեջանի հետ ունեցած էներգետիկ շահերը ստիպեցին Թուրքիային վերադառնալ Հայաստանի հետ ավանդական թշնամական հարաբերություններին և արձանագրությունները ձախողվեցին»,- ասված է հոդվածում:
Աքթարը առանձնացնում է Թուրքիայի քաղաքականության 3 ուղղություններ, որոնք ուղղված են 1915թ-ի դեպքերի ժղտողականությանը: Առաջինը` լոբբիստական գործունեությամբ խոչընդոտել օրենսդրական բանաձևերի ընդունման գործընթացին: Երկրորդ` արևմտյան ակադեմիական շրջանակներում փորձում է պատմագիտական ներուժով ցեղասպանության մերժողականություն արմատավորել: Երրորդ` փորձ է կատարվում 1915թ-ի տեղի ունեցած այլ դեպքերի (օրինակ` Սարիղամիշի ճակատամարտ) լուսաբանման արդյունքում շեղել բուն իրողություններից:
«Թուրքիայում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ հանրային լայն շրջանակներում չկա իրական պատկերացում: Հիշողությունները աղավաղվել են և նվազագույնի է հասցվել պետության կողմից»,- ասված է հոդվածում:
Այնուհանդերձ թուրք հեղինակը ընդգծում է, որ Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության պատերազմում: Հայերի բնաջնջումը, ինչպես էլ այն անվանենք, իրենց պատմական տարածքներում ակնհայտ փաստ է:
Թուրք հեղինակը ողջունելի է համարում Թուրքիայի աճող հասարակական շարժումները, որոնք ճանաչում և գիտակցում են եղելությունը:
«Ջինը դուրս է եկել շշից: Երբ և ինչպես կարող է ազդել պետության քաղաքականության վրա դժվար է կանխատեսել, սակայն մինչև հարաբերությունների կարգավորումը հասարակական ակտիվությունը և իրազեկման աստիճանի բարձրացումը կհանդիսանան միակ կայուն ակտիվները»,-նշել է Չենգիզ Աքթարը: