«Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ, մենք էլ իրենցն ենք». Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ նախագահի երեկվա ընտրություններին, մասնավորապես, ընտրությանը ոչ իշխանական ուժերի մասնակցության փաստին, նշեց. «Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկել, կարծում եք՝ նա իշխանության մա՞ս է»:
Լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկելու մասին, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ կապ չունի, նա մասնակցել է ընտրությանը:
«Քառյակի նախնական հայտարարությունն այն էր, որ իրենք չպետք է մասնակցեն քվեարկությանը, տյունինգ մի արեք այն հայտարարությունները, որոնք ես եմ լսել և մի փորձեք հարմարեցնել ձեր ուզածին: Ես շատ ողջունում եմ, որ Ազգային ժողովում այդ ընտրություններին մասնակցել է պատգամավորների գերակշիռ մասը: Ես ողջունում եմ, որ այդ ընտրություններին մասնակցել են նաև պատգամավորներ ոչ իշխանական խմբակցություններից` ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր, քանի որ կարծում եմ` այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող է դիտվել, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում: Ե՛վ ԲՀԿ-ի, և՛ ՕԵԿ-ի, և՛ «Ժառանգության» անդամ Ալիկ Արզումանյանի և Փաշինյանի մասնակցությունը ես բարձր եմ գնահատում, քանի որ քաղաքական գործընթացները, այդուհանդերձ, որոշակի արժեհամակարգային շրջանակ ունեն»,- ասաց Ա.Աշոտյանը:
Խոսնակի պաշտոնը, ըստ նրա, ԱԺ-ի դերակատարությունը այնպիսին է, որ անկախ քաղաքական հայացքներից, պատգամավորները իրավունք ունեն չմասնակցելու, բայց հրամայականն է լինել պրոցեսների մաս, անգամ, եթե դեմ ես այդ գործընթացներում կայացվող որոշումներին:
«Ես ողջունում եմ պատգամավորների քաղաքացիական ու քաղաքական կեցվածքը, երբ կարողանում են զանազանել տարբեր հարցեր ու հասկանալ, որ քաղաքական համակարգի մշակույթի ձևավորման տրամաբանության մեջ իրենց մասնակցությունը կարևոր քայլ է»,- նշեց Ա.Աշոտյանը:
Լրագրողների դիտարմանը, թե իր վերջո ԲՀԿ-ն ում օգտին է քվեարկել, նա նշեց, որ փակ գաղտնի քվերակություն է եղել:
Հարցին, թե Գալուստ Սահակյանը մի առիթով ասել է՝ «ԲՀԿ-ն մերն է», հիմա երեկվա քվերակությունով դա ապացուցվե՞ց, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Գալուստ Սահակյանը, վստահաբար, այդ արտահայտությունն արել է՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, դիտում է իրենը:
«Մենք էլ ենք մերը՝ քաղաքական դաշտի մաս ենք: Մոտիկ-հեռու, ախոյան-բարեկամ բաժանումը շատ արհեստական է: Բոլորն էլ մերն են, ո՞վ է ամենաընդդիմադիր պատգամավորն այսօր խորհրդարանում, Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ, մենք էլ իրենցն ենք: Սա ընդհանուր քաղաքական համակարգ է, որտեղ որևէ մեկը չի կարող առանց մյուսի գոյատևել և աշխատել»,- ընդգծեց Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները