Ադրբեջանցի փոխնախարարը չի ընդունել Արսեն Քարամյանի հրավերը
Սիսիանում հունիսի 12-14-ին կայանալու է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի համանախագահ Արսեն Քարամյանը:
Խորհրդի նիստին, ըստ նրա, մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի անդամ յոթ երկրներից վեցի ներկայացուցիչները, բացառությամբ՝ Ադրբեջանից. «Մինսկում կայացած նիստի ժամանակ ես անձամբ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալին հրավիրել եմ Հայաստան՝ տրամադրելով նաև անվտանգության երաշխիքներ: Իր կողմից արձագանքներ չեն եղել: Բաքվում կայացած խորհրդի նիստի ժամանակ մեզ հրավեր չէին ուղարկել»:
Ա. Քարամյանն ասաց, որ նիստի օրակարգում ընդգրկված է 14 հարց:
«Ցանկանում ենք ԱՊՀ երկրների միջև ստեղծել հետազոտական ցանց՝ առարկայորեն հետազոտելու երիտասարդության հուզող բոլոր խնդիրները»,- նշեց փոխնախարարը:
Ըստ նրա, ԱՊՀ բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, առկա է երիտասարդների զբաղվածության խնդիրը. «Առավել քան անհանգստացնում է մարզերում բնակվող երիտասարդների զբաղվածության խնդիրը»:
ԱՊՀ գործադիր կոմիտեի երիտասարդության, սպորտի և մշակութային բաժնի պատասխանատու Տատյանա Կովակյովանն էլ նշեց, որ երիտասարդության խնդիրն առկա է բոլոր երկրներում, այդ իսկ պատճառով նիստի ընթացքում քննարկվելու ու փորձելու են գտնել մեխանիզմներ, որոնք նոր հնարավորություններ, հեռանկարներ կբացեն երիտասարդների առջև: