Ռուսաստանը «Միասնական աշխատաշուկաների ձևավորման» համաձայնագրի վերաբերյալ վերապահումներ ունի. Գագիկ Եգանյան
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հուլիսի 11-ին Սոչիում ստորագրված «Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգի» մասին համաձայնագիրը:
Ըստ այդմ՝ ՀՀ քաղացիները ՌԴ մուտք գործելուն պես կարող են 30 օրվա ընթացքում հաշվառվել՝ այսօրվա 7 օրյա ժամկետի փոխարեն: Համաձայնագրի կիրարկումը, ըստ նրա, սկսվի օգոստոսի 10-ից:
Սակայն վարչապետերի հանդիպման ժամանակ երկրորդ համաձայնագիրը չի ստորագրվել:
«Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով ՌԴ քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաև նրա ընտանիքի անդմաները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում»,- ընդգծեց նա:
Ըստ Գ.Եգանյանի` Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ համաձայնագրի հետ կապված հարցը քննարկվել է, նշվել է, որ հայկական կողմն արդեն ներպետական ընթացակարգերն ավարտել է և պատրաստ է ստորագրելու: Մինչդեռ ռուսական կողմն ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման:
«Ի պատասխան մեր վարչապետի կողմից բարձրացված հարցի, ՌԴ վարչապետը հետաքրքրվեց իրենց Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարից, թե խնդրի էությունը ո՞րն է, ի՞նչն է պատճառը, որ չեն հասցրել վավերացնել: Ներկայացվեց, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից կան որոշակի վերապահումներ, որոնք ըստ էության սկզբունքային չեն: Սակայն քննարկման ընթացքում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի, և մենք լավատեսությամբ ենք լցված»,- նշեց Գ. Եգանյանը:
Հարցին, թե մտավախություն չունեն, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվի, Գ.Եգանյանն ասաց, որ ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն լիահույս է, որ այս համաձայնագիրը ևս կստորագրվի:
Նա նաև կարծում է, որ այս համաձայնագրերը Հայաստանից արտագաղթի ծավալները չեն մեծացնի, հակառակը՝ կփոքրացնեն:
«Այն անձը, որը գտնվում է Ռուսաստանում, նա մտածում է՝ եթե դուրս գա, էլ չի կարողանա այնտեղ գտնվել: Շատ-շատերի առաջ ճանապարհը փակվում էր: Իսկ այս պայմաններում հակառակը, մարդը կարող է հեշտ գալ Հայաստան և հեշտ էլ գնալ»,- նշեց Գ. Եգանյանը: