Տաքսիների կայանման համար հատկացվել են նոր կայանատեղեր
Մայրաքաղաքի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կամակերպելու նպատակով ՃՈ և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան աշխատանքներ են տարվել, և առաջիկայում Երևանում կլինի տաքսիների շուրջ 110 կայանատեղ: Այդ մասին այսօր խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մասնավորապես, նշվել է, որ առաջարկվող 25 նոր ճանապարհահատվածների վերաբերյալ ստացվել է դրական եզրակացություն և քաղաքապետի համապատասխան որոշման ընդունումից հետո այդ տարածքները ևս կկահավորվեն ճանապարհային անհրաժեշտ նշաններով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին արագացնել գործընթացն ու սեղմ ժամկետում կայանատեղիները հանձնել շահագործման:
«Ընդամենը 5 տարի առաջ տաքսիների կայանման համար նախատեսված հատուկ տարածքներ մայրաքաղաքում առհասարակ չկային: Եվ այս նոր 25 վայրերի հատկացմամբ, ըստ էության, մայրաքաղաքում կունենանք տաքսիների շուրջ 110 կայանատեղ: Սա խոսում է հարցի նկատմամբ մշտական ուշադրության ու հետևողականության մասին և տաքսիների վարորդների կողմից կայանատեղիների վերաբերյալ բարձրացվող հարցը, կարծում եմ, որոշակի առումով կարող ենք լուծված համարել: Բայցև այս ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական և, հնարավորության դեպքում, կքննարկենք նաև նոր վայրերի վերաբերյալ առաջարկները: Բացի այդ, ՃՈ հետ պետք է քննարկենք նաև երթևեկությունը չխոչընդոտող և թույլատրելի վայրերում զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսների կայանման համար հատուկ տարածքների հատկացման հարցը, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է օրակարգային: Ըստ այդմ, առաջարկում եմ հնարավորին սեղմ ժամկետում այս մասով ևս ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,-նշել է Տարոն Մարգարյանը: