Վարորդների հաշիվները սառեցնելը արվել է բյուջեն լցնելու համար. Է. Հովհաննիսյան
Քաղաքացիների հաշիվների վրա արգելանք դնելու խնդիրն այնքան առաջնային է, որ Ազգային Ժողովը մինչև արձակուրդ մեկնելը այն պետք է քննարկեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ԴԱՀԿ-ն առանց տուգանքի մասին պատշաճ ծանուցման արգելանք է դնում վարորդների բանկային հաշիվների վրա։ Վարորդները «Աքիլլես»-ին շատ են այդ խնդրով դիմում, բայց պատկան մարմինները չեն շտապում որևէ լուծում տալ այդ հարցին: Խնդիրը հատկապես ցայտուն է մարզերում, որտեղ բնակիչները համապատասխան ծանուցում չեն ստանում, բայց հայտնաբերում են, որ հաշիվների վրա արգելանք է դրված:
«Եթե չեն կարգավորում այս խնդիրները օրենքով, ապա թող ասեն՝ ինչո՞ւ: Թե չէ ոնց որ բերանները ջուր առած լինեն»,- ասաց բանախոսը:
Է. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս խնդիրը նախկինում կարգավորվում էր դատարանում, ինչը հնարավորություն էր տալիս վարորդներին նաև բողոքարկելու մեխանիզմից օգտվել, սակայն ներկայումս հարցը միանգամից հայտնվում է ԴԱՀԿ-ի տիրույթում. «Ես կարծում եմ սա արվել է բյուջեն լցնելու համար»:
Ինչ վերաբերում է տուգանքների վերաբերյալ վերջին փոփոխություններին, ապա «Աքիլլես»-ի նախագահը ուրախացրեց` մի քանի օրից, հուլիսի 26-ից, երթևեկության կանոնների խախտման համար դուրս գրված տուգանքները ժամանակին` մեկ ամսվա ընթացքում չվճարելու դեպքում ոչ թե կրկնապատվելու, իսկ հետագայում նաև եռապատկվելու կամ հնգապատկվելու են, ինչպես որ այսօր է, այլ տուգանքի գումարի վրա ավելանալու է 25 %, իսկ եռապատկվելու կամ հնգապատկվելու փոխարեն` տուգանքի ընդամենը 50 %-ը. «Գոնե մի հարցում տասնյակ հազարավոր վարորդների բողոքը լսվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին