Orange Հիմնադրամն ավարտում է Գեղարքունիքի մարզում իրականացվող ակնաբուժական ծրագիրը
Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամն ավարտում են Գեղարքունիքի մարզում իրականացվող լայնածավալ ակնաբուժական ծրագիրը: Գեղարքունիքի մարզի շուրջ 2,800 բնակիչներ օգտվել են Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի համատեղ ծրագրից, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ակնային զննումներն իրականացրել են ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը: Հետազոտված շուրջ 2,800 բնակիչներից 470-ն ուղեգրվել է խորացված ստուգումների Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Նրանցից 195 –ն արդեն իսկ ստացել են վիրահատություն կամ լազերային բուժում Մարտունիում և Վարդենիսում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում: Այս պահին վիրահատություններ են իրականացվում նաև Ճամբարակում, որոնց թիվը ծրագրի ավարտին կհասնի 50-ի:
«Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք համագործակցում ենք Հայկական Ակնաբուժության Նախագծի հետ, և հասցրել ենք այցելել Հայաստանի բոլոր մարզեր, իսկ որոշ մարզեր` նույնիսկ երկու անգամ: Orange Հիմնադրամը հպարտությամբ է սատարում այս լայնամասշտաբ ծրագրի իրականացմանը, որը կոնկրետ ու շոշափելի փոփոխություններ է բերում Հայաստանի մարզերում բնակվող մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում: Հուզմունքով ու ուրախությամբ ենք տեսնում այն մարդկանց, ովքեր վերգտնում են աչքի լույսը՝ վերադառնալով լիարժեք կյանքի», -ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:
«Գեղարքունիքի մարզում աշխատում ենք երկրորդ անգամ, չնայած, որ 2003 թ. սկսած արդեն վեցերորդ շրջայցն ենք իրականացնում Հայաստանում: Ուրախ ենք, որ մեր ծառայություններից այս անգամ օգտվեցին նաև Գեղարքունիքի առավել խոցելի շրջանների բնակիչները, և ՀՀ մնացած բոլոր մարզերի բնակիչներին մեր կողմից առաջարկվող բժշկական ծառայությունները հասանելի դարձան նաև նրանց համար: Ըստ շարժական հիվանդանոցում աշխատող մեր վիրաբույժի՝ Ասատուր Հովսեփյանի, հիվանդների հոսքը նախատեսվածից ավելին էր, իսկ ակնային հիվանդությունների ծանրության աստիճանը` բավականին բարդ»,- նշել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Ծրագիրը Գեղարքունիքի մարզում նախաձեռնվել է ՀՀ առողջապահության նախարարության հատուկ խնդրանքով՝ ներառելով Գեղարքունիքի առավել աղքատ բնակավայրերը: Այն մաս է կազմում Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ընդարձակ ծրագրի, որի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11,300 մեծահասակների և 4,600 երեխաների, տրամադրել շուրջ 2,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1,000 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ: